23.11.2024
Մայիսի 1. Ոտնահարված ու ճնշված աշխատողների Հայաստան
prev Նախորդ նորություն

Հարությունյանին տալիս են Պերմյակովի դիմա՞ց. Փոխնախարարն է պարզաբանում

Վերջին օրերին հայաստանյան մամուլում քննարկման հիմնական թեման վերաբերում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպմանը, ինչը համընկավ այն լուրերի հետ, որ ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանը առաջիկայում կփոխանցվի Հայաստանին:

Մամուլում շրջանառվեց, թե այսպիսով Ռուսաստանը մտադիր է փոխանակել Պերմյակովին Հարությունյանով, թեև նրանց կողմից կատարած հանցանքները ուղղակի անհամեմատելի են, ուստիև չեն կարող դիտվել մեկ հարության մեջ:

VERELQ-ը այս հարցերի շուրջ զրուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան, վերջին օրերի լուրերի ֆոնին շատ է խոսվում այն մասին, որ ընթանում է գործընթաց, որի արդյունքում Հրաչյա Հարությունյանը կփոխանակվի Վալերի Պերմյակովի հետ: Դա հնարավո՞ր է, հաշվի առնելով նրանց գործած հանցանքների ծանրության տարբերությունը և արդյո՞ք կա փոխանակման գործընթաց:

-Բացարձակապես նման գործընթաց չկա ու չի կարող լինել, որովհետև, նախ, նման փոխանակման գործընթաց ընդհանրապես հնարավոր չէ, քանզի դա հնարավոր չէ նախատեսել: Եվ նաև համաձայն եմ այն կարծիքի հետ, որ չի կարելի համեմատել Հարությունյանի և Պերմյակովի կատարած հանցագործությունները, որովհետև խոսքը լրիվ տարբեր հարթությունների վրա տեղի ունեցած ողբերգությունների մասին է և համապատասխանաբար ո’չ նմանատիպ զուգահեռներ է պետք անցկացնել, ո’չ էլ խոսել ինչ-որ այդպիսի վիրտուալ փոխանակման մասին:

-Բայց հայկական կողմը պնդո՞ւմ է, որպեսզի Պերմյակովը Հայաստանում պատիժը կրի;

-Մենք ունենք բավականին հետաքրքիր, ոչ մի միջազգային պայմանագրով չնախատեսված մի իրավիճակ, երբ նույն անձը դատապարտված է և’ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից, և’ Հայաստանի դատարանի կողմից: Եվ կարող ենք ասել, որ այս իրավիճակը համապատասխան լուծումներ է մեզանից պահանջում և ներկայումս այդ աշխատանքն ընթանում է: Նպատակը մեկն է` այդ անձը պետք է կարողանա պատիժը կրի դատարանով նախատեսված սահմաններում:

-Այսինքն` հնարավոր է, որ Պերմյակովը փոխանցվի Ռուսաստանին և պատիժը կրի այնտեղ:

-Այդ խնդիրները ներկայումս գտնվում են քննարկման փուլում: Ավել բան չեմ կարող ասել հենց այդ պատճառով:

-Վերադառնալով Հրաչյա Հարությունյանին. օրերս Դուք մեզ հետ զրույցում ասացիք, որ նա կփոխանցվի Հայաստանին, ժամկետները հայտնի՞ են:

-Ռուսաստանում փոխանցման գործընթացը որոշակի առանձնահատկություններ ունի, մասնավորապես այն, որ համապատասխան որոշում կայացնում է դատարանը: Մենք հայտարարել էինք, որ որոշակի խոչընդոտ կարմ կապված դատապարտյալի ֆինանսական պարտավորությունների հետ և ներկայումս հաջողվել է այդ խոչընդոտը վերացնել, այնպես որ ակնկալում ենք, որ գործընթացը կընթանա իր սովորական հունով և ՌԴ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան այդ փուլերը անցնելուց հետո այդ հարցը կլուծվի: