23.11.2024
Հարությունյանին տալիս են Պերմյակովի դիմա՞ց. Փոխնախարարն է պարզաբանում
prev Նախորդ նորություն

Լավ լուր Հեպատիտ Ց-ով հիվանդների համար. Պետպատվեր դեռ չկա, փոխարենը կա նոր դեղորայք

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը: Որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում: 


ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանում Հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը նոր սերնդի դեղով: Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար:


Նշենք, որ Sofosbuvir դեղամիջոցը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներառվել է կարևորագույն դեղամիջոցների ցանկում: 2014 թվականին Գիլեադ ընկերությունը հայտարարեց, որ կտա դեղամիջոցն արտադրելու լիցենզիա 91 զարգացող երկրներին: Sofosbuvir-ը հանդիսանում է Pegasys դեղամիջոցի անալոգը, որն էլ հենց կիրառվում է Հայաստանում Հեպատիտ Ց-ի բուժման համար:


Առողջապահության նախարարությունից VERELQ-ին տեղեկացրեցին, որ 2016 թվականի ընթացքում Հայաստանում կյանքում առաջին անգամ Հեպատիտ Ց-ով հիվանդացության 28 դեպք է արձանագրվել, խրոնիկ Հեպատիտ Ց-ով հիվանդների թիվը 155 է: Այսինքն, անցած տարվա տվյալներով Հայաստանում պաշտոնապես հաշվառված է Հեպատիտ Ց-ով 183 հիվանդ: Սա, սակայն, ամբողջական պատկերը չէ, քանի որ, նախ, հիվանդությունը շատ դժվար է հայտնաբերել, ինչի շնորհիվ նրան տվել են «քնքուշ մարդասպան» անվանումը, իսկ բացի այդ՝ ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հաշվառված են:


Պետպատվեր Հեպատիտ Ց-ով հիվանդների համար չի գործում, իսկ բուժումը բավականին թանկ հաճույք է:


Նշենք, որ Հայաստանում Հեպատիտ Ց-ն բուժում են հիմնականում Pegasys դեղամիջոցի միջոցով, որը համարվում է արդյունավետ դեղամիջոց ու ընդունված է աշխարհում: Pegasys-ը, սակայն, բավականին թանկ արժե. Հեպատիտ C-ի բուժման կուրսը կազմում է 16 կամ 24 շաբաթ, իրականացվում է շաբաթը 1 ներարկումով, տվյալ դեղամիջոցի 1 սրվակն արժե 150 հազար դրամ և ավելի: Այսինքն` 24 շաբաթ բուժվելու դեպքում միայն դեղամիջոցի համար հիվանդին անհրաժեշտ է ավելի քան 3.5 մլն դրամ` չհաշված բավականին թանկարժեք արյան անալիզները: Իսկ մեկ համալիր անալիզը, օրինակ, կարող է արժենալ 220 հազար դրամ, այն պարտադիր է ու պարբերական: Ավելի կոպիտ հաշվարկով՝ կախված բուժման տևողությունից անհրաժեշտ է 5000-20 000 դոլար: 


Հեպատիտ C-ի միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։ Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։ Այս վիրուսով վարակվողների 80%-ի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։ Վարակման առաջին 10 տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում, չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։ Հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։ Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։ Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։ Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է։