Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական հատվածում հանդիսավորությամբ բացվեց փողոցներից մեկը, որն անվանակոչվել է հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ղազախստանից, հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։
Բացման խոսքում Աիդա Բալաևան նշեց, որ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է։
«Այսօր կարևոր խորհրդանշական միջոցառում է՝ ի նշան երկու երկրների բարեկամության։ Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը վկայում է, որ մշակույթը սկսվում է լեզվից, իսկ հասարակության զարգացումը` կրթությունից։ Ղազախստանն ու Հայաստանը ամուր բարեկամական կապեր ունեն։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը։ Տարիներ, որոնց ընթացքում նշանակալի ձեռքբերումներ կան քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում։ Այսօր ստորագրվելու է հուշագիր՝ ուղղված թանգարանային, գրադարանային, կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- ասաց Բալաևան։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` այսօր երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում։ «Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության անտեսանելի կամուրջը։ Հայաստանն ու Ղազախստանը իրենց պատմություններով, իրենց մտածողների ժառանգությամբ և ապագայի հանդեպ իրենց ձգտումներով մշտապես ունեցել են փոխլրացնող համագործակցություն։ Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է երկու երկրների մշակույթի ու կրթության ոլորտներում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։
Դեռ նախորդ տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան այցի ընթացքում նշվել էր, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, իսկ Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան փողոցների կամ պուրակների անվանակոչություն։
Ընթացիկ տարվա ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: