24.11.2025
Աստանայում բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը
prev Նախորդ նորություն

Ուկրաինան անգամ կորուստներով երաշխիք է ստանում, իսկ մենք՝ ոչինչ. Մարուքյան

Լուսանկարը` parliament.am
Լուսանկարը` parliament.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ենթադրյալ խաղաղության պլանին և դա օգտագործելով որպես ցուցիչ՝ Հայաստանի դիվանագիտական ձախողումները վեր հանելու համար։


Քաղաքական գործիչը մանրամասն քննարկել է մամուլում հայտնված 28 կետերը՝ ընդգծելով, որ անգամ տարածքային ցավոտ կորուստների և ներքին կոռուպցիոն խայտառակությունների պայմաններում Կիևին հաջողվում է քննարկել այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց մասին Հայաստանը երազել անգամ չի կարող։


Մարուքյանը նշել է, որ թեև առաջարկվող պլանը ենթադրում է հակամարտության սառեցում և ՆԱՏՕ-ից հրաժարում, ինչը ցնցել է եվրոպացի գործընկերներին, դրա դիմաց Ուկրաինան ստանում է փաստաթղթավորված անվտանգային երաշխիքներ, ԵՄ անդամակցության իրավունք, համաներում բոլոր մասնակիցների համար և 100 միլիարդ դոլարի ներդրում։ Միևնույն ժամանակ, Մարուքյանը սուր քննադատության է ենթարկել Զելենսկու թիմին՝ պատերազմի ընթացքում էներգետիկ ոլորտում 100 միլիոն դոլարի կոռուպցիոն սկանդալը որակելով որպես պետական դավաճանություն, երբ ժողովուրդը կենաց-մահու կռիվ է տալիս։


Այնուամենայնիվ, ընդդիմադիր գործչի հիմնական շեշտադրումը Հայաստանի իշխանությունների անկարողության վրա էր։ Համեմատականներ տանելով՝ նա փաստել է, որ ի տարբերություն ուկրաինացիների, Փաշինյանի կառավարությունը հանձնեց Արցախն ու երկրի ռազմավարական դիրքերը՝ փոխարենը ստանալով զրո արդյունք՝ ոչ մի անվտանգային երաշխիք թշնամուց, ոչ մի համաներում Բաքվում պահվող գերիների համար և ոչ մի փոխհատուցում։


Մարուքյանը ծաղրել է իշխանության այն թեզը, թե զիջումներով «փրկել են ինքնիշխանությունը»՝ դա համարելով սեփական ապաշնորհության արդարացում, և պնդել, որ միայն բանակցողի փոփոխությունը կարող է Հայաստանին բերել իրական, թղթի վրա ամրագրված խաղաղություն։