18 մլն դրամ՝ հատուկ չվերթի համար. հայ փորձագետները մեկնում են Բաքու
Լուսանկարը` Vorlomov.ru
Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է հայ փորձագետների այցը Ադրբեջանի մայրաքաղաք։ Գործադիրը հաստատել է պատվիրակության տեղափոխման ծախսերը՝ նպատակ ունենալով խթանել վստահության կառուցման մեխանիզմները երկու հասարակությունների միջև։
Կառավարության նոյեմբերի 20-ի նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթով, որոշում է կայացվել պետական բյուջեից շուրջ 18 միլիոն դրամ հատկացնել Երևան-Բաքու-Երևան չարտերային թռիչքի կազմակերպման համար։ Այս հատուկ չվերթով նոյեմբերի 21-22-ը հայաստանյան 5 փորձագետներից բաղկացած խումբը կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Ըստ կառավարության հիմնավորման՝ նման նախաձեռնությունները կոչված են ակտիվացնելու քաղհասարակության ներկայացուցիչների շփումները և նպաստելու փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Սա փոխադարձ այցելություն է՝ ի պատասխան հոկտեմբերի 21-ին ադրբեջանցի փորձագետների՝ Երևան կատարած այցի։ Այդ պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը մանրամասներ է հայտնել հայ գործընկերների սպասվող օրակարգից։ Նա նշել է, որ Բաքվում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ոչ միայն աշխատանքային խմբի, այլև բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մամեդովը նաև հավելել է, որ գործընթացը շարունակական է լինելու։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են ադրբեջանցի մասնագետների նոր այցելություններ Հայաստան, ընդ որում՝ այցերի աշխարհագրությունը կընդլայնվի՝ Երևանից բացի ներառելով նաև Հայաստանի մարզերը։