Մեկ երեխային՝ ավելի քան 11,000 դոլար. հաստատվեց ծնելիության աջակցության նոր կարգը
լուսանկարը` step1.am
Հայաստանի կառավարությունը արմատական փոփոխություններ է կատարում ժողովրդագրական ռազմավարության մեջ՝ ներդնելով երեխաների ծննդյան ֆինանսական աջակցության նոր և երկարաժամկետ մեխանիզմներ։ 2026 թվականի աշնանից մեկնարկող ծրագրով բազմազավակ ընտանիքները կստանան զգալիորեն ավելի մեծ պետական օժանդակություն։
Նոյեմբերի 20-ին կայացած նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծին, որով վերանայվում են երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող վճարների չափերը։ Սահմանվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500,000 դրամ (մոտ 1,302 դոլար): Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով՝ առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում է 300,000 դրամ (781 դոլար), երրորդ և չորրորդի համար՝ 1 միլիոն դրամ (2,604 դոլար), իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 1.5 միլիոն դրամ (3,906 դոլար):
Նոր փաթեթի հիմնական շեշտադրումը, սակայն, երկարաժամկետ աջակցությունն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում պետությունը կտրամադրի լրացուցիչ ամսական 50,000 դրամ (130 դոլար) աջակցություն՝ մինչև երեխայի վեց տարեկան դառնալը։ Նախարարը ընդգծեց, որ նպատակը ծրագիրը մշտական պետական նպաստի վերածելն է, ինչը կլուծի ժողովրդագրական և սոցիալական կարևոր խնդիրներ։
Ծրագրում ներդրված է նաև խրախուսական բաղադրիչ։ Հունվարի 1-ից գործող 20% հետվճարի մեխանիզմի շնորհիվ անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքները կկարողանան ստանալ հավելյալ ամսական 10,000 դրամ (26 դոլար): Ըստ նախարարի հաշվարկների՝ այս բոլոր բաղադրիչների հանրագումարում՝ վեց տարվա կտրվածքով մեկ երեխային հատկացվող պետական աջակցությունը կկազմի մոտավորապես 4,320,000 դրամ (շուրջ 11,250 դոլար):