20.11.2025
Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

«Երևանն է որոշում». Փաշինյանը հակադարձել է Ֆիդանի «միջանցքային» հայտարարությանը

Լուսանկարը` abcamedia.am
Լուսանկարը` abcamedia.am

Պաշտոնական Երևանը հստակ ուղերձ է հղել Անկարային՝ շեշտելով, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների կարգավիճակն ու անվանումները որոշելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանը մերժել է դրսից պարտադրվող տերմինաբանությունը՝ հակադրելով դրան ամերիկյան հովանու ներքո գործարկվելիք «TRIPP» ծրագիրը։


Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններին, որոնցում շարունակում է շրջանառվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի համար գոյություն ունեն միայն «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծերը, իսկ ցանկացած այլ ձևակերպում վերաբերելի չէ մեր երկրին։


Հղում անելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրված հռչակագրին՝ Փաշինյանը նշել է, որ կողմերը հանձնառություն են ստանձնել իրականացնելու հենց TRIPP ծրագիրը, որը «Խաղաղության խաչմերուկի» բաղկացուցիչ մասն է։ ԱԳ նախարար Արարտ Միրզոյանն էլ իր հերթին պարզաբանել է, որ այդ ուղին կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ և Հայաստանն այլ երկրների հետ բացառապես ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։


Դիվանագիտական բանավեճը ծավալվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Ի պատասխան Ֆիդանի այն պնդմանը, թե սահմանի վաղաժամ բացումը կնվազեցնի Հայաստանի շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում, Արարատ Միրզոյանը հակադարձել է, որ այդ երկու գործընթացները մեկը մյուսով պայմանավորելը սխալ է։ Ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է ոչ թե խոչընդոտել, այլ դրական ազդակ հաղորդել Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացին։

լուսանկարը` step1.am
Հաջորդ նորություն next
 լուսանկարը` step1.am
20.11.2025
Մեկ երեխային՝ ավելի քան 11,000 դոլար. հաստատվեց ծնելիության աջակցության նոր կարգը