Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ քննարկվող թեման «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակն է, երբ մի շարք պատգամավոր դարձած թեկնածուներ, որոնց ինքնաբացարկի դիմումները ԿԸՀ-ին էին հանձնվել, հրաժարվեցին այդ դիմումներից ու 12-ից 8-ը ստացավ պատգամավորի մանդատ:
Թեկնածուների բացատրությունն այն էր, թե իրենք դիմում չեն գրել, իսկ դիմումները վերաբերում էին ինքնաբացարկին մինչև ընտրության օրը՝ եթե, ասենք, իրենք բացակայեն երկրից կամ այլ պատճառներով չկարողանան մասնակցել ընտրությանը: ԿԸՀ-ն բավարարեց 12 թեկնածուներից 8-ի դիմումները և նրանք ստացան մանդատ: Այդուհանդերձ, լարված իրավիճակն այս ամենի շուրջ շարունակում է պահպանվել:
VERELQ-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ նորընտիր պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ այս ամենին, անշուշտ, հասարակությունը կտա գնահատական, քանզի դիմումներ գրելու վերաբերյալ այդ թեկնածուների բարձրաձայնումներն իրականության հետ առնչություն չունեն:
«Նրանք բոլորը գրել են այդ դիմումներ, ստորագրել դրանց տակ՝ հստակ իմանալով, թե ինչի տակ են ստորագրում: Եվ, թերևս, հենց դա է պատճառը, որ նրանք չդիմեցին իրավապահ մարմիններին՝ պարզելու իրենց իսկ ստորագրությունների իսկություն։ Չէ որ եթե կասկած կար, որ իրենց փոխարեն ուրիշն է ստորագրել, ապա հանգիստ կարող էին դիմել իրավապահներին և խնդրել ձեռագրաբանական հետազոտությամբ պարզել դա: Բայց հասկանալի է, որ եթե իրավապահներն անդրադառնան այս հարցին, ապա այդ դեպքում սուտ մատնության մեղադրանքով հենց նրանց կարող է մեղադրանք առաջադրվել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ անձանց հետ հետագա համագործակցությանը, ապա Տոնոյանը նշեց, որ դեռևս դաշինքում կամ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ նրանց հետ համագործակցության մասին հարցը չի քննարկվել: Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ այդ հարցով, թերևս, պետք է մտահոգվեն հենց այն մարդիկ, ովքեր, ոտնահարելով թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, թե՛ մարդկային բոլոր հարաբերությունները նման որոշում կայացրեցին ու նման գործողությունների դիմեցին.
««Ծառուկյան» դաշինքն իր գործունեությունը օրենսդիրում իրականացնելու է այնպես, ինչպես պլանավորել է, այսինքն՝ խիստ արդյունավետ և օրինական՝ ի օգուտ մեր երկրի»,- հավելեց նա։
Ի դեպ, երեկ երեկոյան արդեն թեկնածուներից մեկը, ով իր ինքնաբացարկի դիմումից հրաժարվել էր, դիմել ԿԸՀ և ստացել պատգամավորի մանդատ Նապոլեոն Ազիզյանը փաստացի հետ կանգնեց այդ ամբողջ գործընթացից ու հայտարարեց, որ «պատրաստ է մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ազիզյանը նշել է, որ բազմիցս է հայտարարել, որ իր քարոզարշավը, բոլոր ծախսերը հոգացել է պարոն Ծառուկյանը:
«Ես գնացի՝ ասեց Նապոլեոն, էս ինչ եմ լսում: Ես էլ իրան ասի՝ պարոն Ծառուկյան, ովքեր որ մեզ փորձում են խառնել իրար, թյուրիմացություններ են ասում ձեզ, գալիս են ուրիշ բան են հասցնում ձեզ, բայց դուք լավ գիտեք, որ ես էն մարդն են, որ ձեր խոսքը օդի մեջ չեմ թողի: Ես ասի Ծառուկյանին, որ եթե գտնում է՝ ես քիչ եմ չարչարվել, լավ չեմ աշխատել, ապա մանդատն իմ համար ինքնանպատակ չի, որ պահին ինքն ասի՝ ես պատրաստ եմ մանդատը գետնին դնեմ: Ասի՝ պարոն Ծառուկյան ջան, քո մանդատն ա և արժի այդ մանդատը դնել քո ոտքերի առաջ»,- ասել է մանդատ ստացած Նապոլեոն Ազիզյանը:
Իր խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ նա արդար մարդ է.
«Ասեց՝ կգաս խորհրդարան ամեն ինչ կորոշենք: Ես էլ ասեցի՝ երբ հարմար գտնես, որ վայրկյանին ասես, ես էդ մանդատը վայր կդնեմ, որովհետև ես պարտական եմ քեզ, ես էդքան անբարոյական մարդ չեմ, որ էդքան բան անես իմ համար, ես ուրանամ քո արածը, քո լավությունը: Ես անբարոյական չեմ, որ իրա խոսքը թողնեմ օդի մեջ մնա»,- հավելել է նա:
Նշենք, որ նախօրին ուշ երեկոյան նախկին ՀՀԿ-ական, Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Խաչիկ Մանուկյանի դուստրը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ արդեն երկու օր է իրենց տան մոտ անծանոթ մարդիկ են հերթապահում, պարբերաբար դռան զանգը տալով ու պահանջելով տեսնել Խարիկ Մանուկյանին: Վերջինս, հիշեցնենք, այն թեկնածուներից մեկն էր, ով հրաժարվեց ինքնաբացարկի դիմումից և ստացավ պատգամավորի մանդատ: Թե ո՞ւր է Խաչիկ Մանուկյանը պարզ չէ, բայց նա կապի դուրս չի գալիս և, փաստորեն, տանը չէ:
Այսպես կոչված դարձի եկածների շարքում է նաև «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը, որը թեև դիմել էր ԿԸՀ՝ իր իսկ ինքնաբացարկի դիմումը չեղյալ ճանաչելու համար, սակայն այդպես էլ չդարձավ պատգամավոր: «Կենտրոն TV»-ի եթերում նա հայտարարեց, որ
«Ես գիտեի, որ իմ հավաքած ձայները չի բավարարում պատգամավոր անցնելու համար... այո, ամեն փաստաթղթի տակ չի կարելի ստորագրել առանց կարդալու, բայց գոյություն ունի նաև վստահություն և մենք բոլորս ստորագրել ենք: Ճնշում չի եղել, պարտադրանք չի եղել: Կային շատերը, որ գիտեին, թե դա ինչ փաստաթուղթ է և ինչի տակ են ստորագրում, բայց ես չեմ իմացել ու իմ նկատմամբ ոչ մի բռնություն, ճնշում չի եղել»,- ասել է նա:
Սաղաթելյանի խոսքով՝ դիմում է գրել ԿԸՀ-ում մյուսների հետ միասին՝ Խաչիկ Մանուկյանի, Արարատ Զուրաբյանի և այլն, վստահ լինելով, որ Գագիկ Ծառուկյանը գիտի այդ ամենի մասին: Բայց, կրկնեց նա, ինքը ընտրությունների արդյունքներով տեսել է, որ չի անցել, իր ձայները չեն բավարարում:
«Այստեղ խախտվել է տղամարդկային խոսքի արժեքը, որովհետև մի քանիսը, ովքեր դիմում էին գրել, համաձայն են եղել ինքնաբացարկին: Խոսքը բոլորին չի վերաբերում, բայց կան որոշները, ովքեր գիտեին այդ մասին, ու իրենք այնքան թույլ գտնվեցին, որ իրենց խոսքը չպահեցին: Նրանք ոչ միայն խոստացել էին, որ այլև գրել էին այդ դիմումները՝ այն պայմանով, որ եթե չբերեն համապատասխան ձայներ, ապա ինքնաբացարկ կհայտնեն»,- բացատրեց նա՝ հավելելով, որ այս ամենում Գագիկ Ծառուկյանը որևէ կապ չունի, քանի որ իրենք խոսք են տվել ու չեն կատարել դա:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ԿԸՀ-ն կազմակերպել է պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: