Բնակարան Արցախից տեղահանվածներին․ Կառավարությունը հեշտացնում է պայմանները
Լուսանկարը` սպուտնիկ
Կառավարությունն իր հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծին, որով փոփոխություններ են կատարվում Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Նորամուծությունները նպատակ ունեն պարզեցնել աջակցության հասանելիությունը և վերացնել խոչընդոտները շահառուների մի քանի խոցելի խմբերի համար։
Հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք ունեն դատարանի վճռով անհայտ բացակայող ճանաչված անդամներ։ Այսուհետ շահառու միավորի կազմում նրանց պարտադիր ընդգրկված լինելու պայմանը չի կիրառվի, ինչը թույլ կտա ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։
Մեկ այլ կարևոր կարգավորում առնչվում է երիտասարդներին․ այն անձինք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս են եղել, սակայն մինչև դիմումը լրացնելն արդեն դարձել են 18 տարեկան, այժմ ցանկության դեպքում կարող են հավաստագիր ստանալ որպես առանձին ընտանիք։ Բացի այդ, կառավարությունը պարզեցրել է նաև վարչարարությունը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից (շրջափակման սկիզբ) մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածի համար միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը 2-ի փոխարեն սահմանվել է 1։
Ըստ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի տվյալների՝ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որից 1210-ն արդեն իսկ իրացրել է այն՝ ձեռք բերելով բնակարան։