30.10.2025
Լուսանկարը` սպուտնիկ
prev Նախորդ նորություն

Արցախից տեղահանվածների բնակապահովմանը կուղղվի 800 մլրդ դրամ

Լուսանկարը` Factor.am
Լուսանկարը` Factor.am

Լեռնային Ղարաբաղից (Արցախից) բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է շուրջ 800 միլիարդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է, որ ծավալի առումով «երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր»։


Նախարարը տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի 30-ը ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք՝ ընդհանուր 12 826 անձով, որից 1210-ն արդեն իսկ իրացրել է իր հավաստագիրը և բնակվում է սեփական տանը։ Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում շահառուների հետ՝ ծագող խնդիրները լուծելու և հնարավորինս շատ քաղաքացիների ծրագրում ընդգրկելու համար։ Նա արձանագրեց, որ «ծրագիրը բարեհաջող ընթանում է»։


Ծրագրի ընթացքն էլ ավելի հեշտացնելու նպատակով Կառավարությունը նույն նիստում հաստատել է նաև մի շարք կարևոր փոփոխություններ։ Այսուհետ շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի դատարանի վճռով անհայտ բացակայող ճանաչված ընտանիքի անդամների վրա։ Բացի այդ, նոր կարգավորում է սահմանվել երիտասարդների համար. այն անձինք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ անչափահաս են եղել, սակայն դիմելու պահին արդեն 18 տարեկան են, կարող են ցանկության դեպքում հավաստագիր ստանալ որպես առանձին ընտանիք։ Պարզեցվել է նաև վարչարարությունը՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո ընկած ժամանակահատվածի համար միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը երկուսի փոխարեն սահմանվել է մեկ։