31.10.2025
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի
prev Նախորդ նորություն

Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ

Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։


Աղբյուրի ձևակերպմամբ՝


«Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։


Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։


Այստեղ ուղերձը հստակ է․ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։


Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։


Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։


Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։


Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։


Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր․ Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։


Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Արևային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում առանց ռազմավարական հենքի
Հաջորդ նորություն next