Սեպտեմբերին Հայաստանի բոլոր բանկերին, Կենտրոնական բանկին և Բանկերի միությանը տվեցի մեկ պարզ հարց. վերջին հինգ տարում որքա՞ն եք ծախսել ձեր հաճախորդներին զեղծարարներից պաշտպանելու վրա։ Ոչ համակարգեր էի հարցնում, ոչ գաղտնաբառեր, ոչ խոցելի կետեր, միայն մեկ թիվ ամեն տարվա համար։
Հարցրի այն պատճառով, որ մարդիկ ամեն օր կորցնում են իրենց խնայողությունները։ Իսկ նրանց փողերը պահողները ամեն անգամ ձեռքները լվանում են։
Հիմա իմ սեղանին 30-ից ավելի պատասխան նամակ կա։ Դիմել եմ թե´ որպես փաստաբան, թե´ որպես սովորական քաղաքացի: և....Կարդացեք, թե ինչպես են խոսում մեզ հետ.
«Առևտրային գաղտնիք է»։ Թե որքան են ծախսում մեր փողերի պաշտպանության վրա, դա մեզ չի վերաբերում։
«Նախ ասեք՝ որ վստահորդի համար եք ուզում և ինչու»։ Փաստաբանից պահանջում են բացահայտել տուժողին, և պահանջում է հենց այն բանկը, որի դեմ տուժողը կարող է պահանջ ունենալ։
«Օրենքը մեզ վրա չի տարածվում»։ Ճիշտ է։ Եվ հենց սա է խնդիրը։
«Մեղավոր են հաճախորդները»։ Բոլոր դեպքերում։ Առանց բացառության։ Բանկը երբեք մեղավոր չէ։
Եվ լռություն։ Մի քանի բանկ նույնիսկ պատասխանելու կարիք չզգաց։
Թիվ չտվեց ոչ մեկը։ Հանուն ճշմարտության ԱԿԲԱ-ն և Արդշինբանկը քաղաքավարի և մարդավարի պատասխանեցին։ Բայց թիվ էլի չկա:
Կենտրոնական բանկն էլ ասում է՝ այդ թվերը չենք հավաքում, դիմեք բանկերին։ Բանկերն ասում են՝ գաղտնիք է։ Փակ շրջան։
Սա արդեն ոչ թե բանկային համակարգ է, այլ պետություն պետության մեջ։ Իր սեփական կանոններով, իր սեփական գաղտնիքներով և բացարձակ անտարբերությամբ այն մարդկանց նկատմամբ, որոնց փողերով գոյություն ունի։
Տիկնայք և պարոնայք, իրավաբանական վարչություններում աշխատող տղաներ և աչոններ։ Այնտեղ, որտեղ դուք սովորել եք, բառացի և փոխաբերական իմաստով, ես դաս եմ տալիս:Կարիք չկա ինձ բացատրել, թե ինչ է առևտրային գաղտնիքը, որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում տեղեկատվության ազատությունը։
Խնդիրը բոլորովին այլ տիրույթում էր։ Ես չէի ասում՝ պարտավոր եք պատասխանել։ Ես ստուգում էի՝ ունե՞ք հանրային պատասխանատվության թեկուզ նվազագույն զգացում։
Դուք ձախողեցիք թեստը։
Իսկ թվեր, պարզվում է, կան։ Շատ կոնկրետ, շատ մեծ թվեր։ Միայն թե դրանք ոչ թե ձեր պաշտպանության, այլ նրանց սեփական գրպանների մասին են։
Այս շաբաթ ամեն ինչ կներկայացնեմ։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան