Դավիթ Համբարձումյանը մնում է իմպիչմենտի գործով վարչապետի մեր թեկնածուն. Սարգսյան
Փաշինյանին անվստահություն հայտելու գործընթացը հնարավոր չի տապալվի, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, իսկ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։
«Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ իմպիչմենտի գործով վարչապետի մեր թեկնածուն»,-ասաց նա։
Հարցին, թե այս գործընթացի պատճառո՞վ Համբարձումյանին կալանավորեցին՝ Սարգսյանը պատասխանեց, որ ոչ միայն այդ գործընթացի, այլև դիրքորոշման պատճառով։
Իսկ թե ինչ այլ տարբերակներ է կուսակցությունը մտածում Փաշինյանին հեռացնելու համար՝ երրորդ նախագահը պատասխանեց. «Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացն առաջ տանելը, եթե ուրիշներն այլ պլաններ ու առաջարկներ ունենան, մենք սիրով կլսենք»։