Նախընտրական Հայաստանը սկանդալային տեղեկատվությունների պակաս չի զգում: «Իգլայի» մաքսանենգության փաստով Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ակտիվ քննարկումների ֆոնին գրանցվեց եւս մեկ աղմկահարույց իրադարձություն: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ը փաստերով ներկայացվեց այն, ինչի մասին շատերը գիտեին կամ գուշակում էին: Իշխող ՀՀԿ-ը չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում՝ ընտրություններում իր էլեկտորալ դիրքերը ամրացնելու համար:
Հրապարակված հոդվածում ներկայացվել են 114 ձայնագրություններ դպրոցների եւ մանկապատրեզների տնօրնեննրի հետ, որոնցում նրանք մանրամասն պատմել են ՀՀԿ-ի օգտնի իրենց հավաքագրած ցուցակների մասին: «Հայաստանի հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդհամենը 22 տնօրեններ հերքեցին ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ)», - աստված է հոդվածում: Թեպետ շատերը կասկածում կամ պարզ գիտակցում էին ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման հավանականությունը, միեւնույն է այս հրապարակումը պայթող ռումբի ազդեցություն թողեց հայկական տեղեկատվական դաշտի վրա:
Հոդվածի հեղինակները տնօրենների հետ խոսելիս սխալ են ներկայացել (ներկայացել են որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի աշխատակիցներ) և առանց նախազգուշացնելու ձայնագրել ենք խոսակցությունները: «Այդ կերպ մենք չենք խախտել ՀՀ-ում գործող օրենսդրությունը: Իսկ այդ քայլին գնացել ենք որպես ծայրահեղ միջոց, քանի որ այս աշխատանքը իրականում պետք է անեն իրավապահները՝ օգտագործելով օպերատիվ-հետախուզական հնարավորությունները», - նշում են հրապարակման հեղինակները, գրում է sut.am-ը:
«Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը՝ տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»): Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով: Ցուցակների ծավալները տարբեր են: Միջինում դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի: Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղավ տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունեց, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն», - գրում են հրապարակման հեղինակները:
Ընդհանուր առմամբ, զանգահարել են գումարային 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունել են ցուցակներ հավաքագրելու փաստը: Տնօրեններից միայն մի քանիսն են ասել, որ «դպրոցն ապաքաղաքական է»: Բոլոր զանգերը կատարվել են բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, գրեթե բոլոր դեպքերում, դպրոցների աշխատանքային (քաղաքային) հեռախոսահամարներին: Տնօրեններից մոտ 75 տոկոսը ցուցակները փոխանցել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ կամ թաղապետարաններ, իսկ 25 տոկոսը՝ միանգամից Հանրապետականի շտաբներ: Իսկ տնօրեններից մեկը ցուցակը փոխանցել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը:
«Դատելով մեզ հետ զրուցած տնօրենների խոսքերից, վարչական ռեսուրսների չարաշահման այս բուրգում ներգրավված են բոլոր մարզպետարանները (բացառություն են դաշնակցական մարզպետները), Երևանի համարյա բոլոր վարչական շրջանների աշխատակազմերը և բազմաթիվ քաղաքապետարաններ», - նշում են սկանդալային հրապարակման հեղինակները:
Ինչպես եւ սպասելի էր իշխանությունների եւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների արձագանքներն իրենց շատ սպասել չտվեցին: Նախընտրական շրջանում ՀՀԿ գլխավոր քարոզիչ, վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվեց այս հրապարակման վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանել՝ նշելով, որ խնդրին տեղյակ չէ: Հատկանշական է սակայն, որ մինչ քարոզարշավի սկիզբը վարչապետը կառավարության նիստին բոլոր գետատեսչություններին խստիվ հանձնարարեց զերծ մնալ որեւէ կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելուց կամ վարչական ռեսուրս գործածելուց:
ՀՀԿ կենտրոնական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրել են ձայնագրությունների զգալի մասը, ու իրենց կարծիքով հիմք չկա «պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում»: «Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի: Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից», - ասված է ՀՀԿ կենտրոնական շտաբի մամուլի հաղորդագրության մեջ:
Իրավիճակին հետեւում է նաեւ Եվրոպական միությունը: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, կարելի է, ասել դարձել է այս ընտրությունների գլխավոր սուբյեկտներից մեկը: ԵՄ-ը ընտրատեղամասերում նոր տեխնոլոգիաներով վերահսկողություն իրականացնելու համար տրամադրել է շուրջ 7 մլն եվրո, եւ պահանջում է ՀՀ իշխանություններից անցկացնել թափանցիկ եւ արդար ընտրություններ: «Մի բան պետք է շատ պարզ լինի, որ կրթական հաստատությունները պետք է զերծ լինեն ընտրական գործընթացներից: Սա այն կանոնն է, որով աշխատում են ժողովրդավարական հասարակությունները: Շատ կարեւոր է, որ կրթության եւ գիտության նախարարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեն՝ բացառելու համար կրթական հաստատությունների օգտագործումը ընտրական նպատակներով», - ասել է Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ իրենք հավաքում եւ ուսումնասիրում են նման տեղեկատվությունները: