23.12.2024
Աթեշյանը պետք է Հայաստան չգա. Կարծիքներ
16.06.2016
Աթեշյանը պետք է Հայաստան չգա. Կարծիքներ

Առաջիկա օրերին Հայաստան է ժամանելու Պոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, ով լայն ճանաչում ձեռք բերեց Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանին գրված նամակով: Հիշեցնենք, նամակում Աթեշյանը մասնավորապես գրել էր. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Հայաստանում պատրաստվում են Աթեշյանին դիմավորել բողոքի ցույցերով, հնչում է հանրային պաըհանջ նրան կարգալույծ անելու մասով: VERELQ-ի հետ զրույցում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը կարծիք հայտնեց, որ Էրդողանին ուղղված ստորաքարշ նամաիկից հետո նրա այցը Հայաստան ուղղակի մարտահրավեր է և լկտիության ու արհամարհանքի դրսևորում: «Ես նրա ներկայությունից ուղղակի զզվանք կապրեմ: Կարծում եմ, որ հոգևոր առումով էլ ճիշտ չի լինի, որ այդ անձնավորությունը Հռոմի Պապի այցին ներկա լինի: Նրան պետք է կարգալույծ անել»,- ասաց նա: Դևրիկյանը համաձայն չէ այն խոսակցություն-բացատրությունների հետ, թե Աթեշյանին կարգալույծ անելու հիմքեր չկան: Պաշտոնանկությունը, ըստ նրա, բացառապես կաթողիկոսական իշխանությանը վերապահված հասկացություն է և եթե ոչ միանձնյա կաթողիկոսը, ապա Գերագույն Հոգևոր խորհրդով դա հնարավոր է անել: Իսկ Աթեշյանը Հայաստան է ժամանում հենց խորհրդի նիստին մասնակցելու համար: Դևրիկյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս կաթողիկոսի օրոք երկու եպիսկոպոս կարգալույծ արվել է, իսկ Աթեշյանը ևս եպիսկոպոս է և որևէ բարդություն եկեղեցագիտական առումով այստեղ ուղղակի չկա: Պատմաբան Սուրեն Մանուկյանն էլ ասաց, որ Աթեշյանի արարքի մասով երկրորդ կարծիք լինել չի կարող և ինքն էլ քաջ գիտակցում է, թե ինչ արձագանքի պետք է արժանանար այդ նամակից հետո: Բայց և հորդորեց հասկանալ, որ այդ նամակը ոչ մի բան իրենից չի ներկայացնում, բացի նրանից, որ Աթեշյանը իր լիազորություններն է գերազանցել: «Մի մարդ է, ով նույնիսկ ընտրված պատրիարք էլ չի, տեղապահ է, այսինքն՝ ժամանակավոր է այդ տեղում և նա գերազանցել է իր չունեցող լիազորությունները»,- ասաց նա: Ցանկացած հայ մարդու կողմից այդ քայլը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Մանուկյանը նաև ասաց, որ չի կարծում, թե ինչ-որ մեկը կարող է այդ նամակին արդարացում գտնել. «Աթեշյանին Հայաստանում ոչ միայն բողոքի ակցիաներով են դիմավորելու, նրան այստեղ չեն էլ սպասում»,- հավելեց նա: Հիշեցնենք, ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը VERELQ-ի հետ զրույցում ասել էր, որ չի բացառում, որ Արամ Աթեշյանի նամակը Էրդողանին հարկադրաբար է գրվել: Միևնույն ժամանակ նա շեշտել էր, որ իր ասածն ամենևին էլ չի նշանակում, թե ինքը փորձում է արդարացնել այդ արարքը, ուղղակի պետք է հիշեցենք, որ գործ ունենք Թուրքիայի հետ :