Դանիայի խորհրդարանը հունվարի 19-ի լիագումար նիստում քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Թեև քննարկմանը չի հերքվել Ցեղասպանության իրողությունը, սակայն պատգամավորների մեծ մասը չեն ցանկացել դրան քաղաքական գնահատական տալ: Այս մասին գրում է Ֆրանսիայում հրապարակվող «Նոր Հառաջ» պարբերականը: Ցեղասպանության բանաձևի նախաձեռնող հանդիսացող «Ազատական դաշինքի» և Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ հարցը պետք չէ քաղաքականացնել կամ դատապարտել: Նրանց խոսքով՝ «Հայոց ցեղասպանություն», «դատապարտում ենք» եզրույթները չպետք է տեղ գտնեն նախագծում, քանզի դա պատմաբանների գործն է, իսկ նախագծի ընդունումն էլ դրական ազդեցություն չի ունենա Թուրքիայում ապրող հայերի համար կամ հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Առաջարկ է հնչել վերանայել նախագծի տեքստը՝ հեռացնելով «դատապարտում ենք», «Հայոց ցեղասպանություն» եզրույթները, սակայն դա կբերի ընդհանուր նախագծի բուն իմաստի փոփոխմանը՝ «քննադատում ենք Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բացակայությունը, կոչ ենք անում բացել արխիվները» իմաստով: Բուռն քննարկումները ավարտվել են առանց որևէ արդյունքի. ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել: