ԼՂ հակամարտությունը բարդ խնդիր է Ռուսաստանի դիվանագիտության համար. փորձագետ.
2004-ից հետո, երբ ադրբեջանական ռազմական բյուջեն կտրուկ աճեց նավթադոլարների շնորհիվ, երկիրն ընդլայնեց սպառազինության գնումների ծավալը, իսկ արդեն 2008-ից Բաքուն կտրուկ փոխեց ռազմական ներկրումների մոդելը՝ խորհրդային զենքիից անցնելով նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սպառազինության, ինչպես հետխորհրդային երկրներից, այնպես էլ Իսրայելից և Արևմուտքից։
Այդ մասին հայտարարել է «Ռազմավարական և տեխնոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի» փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն, փոխանցում է Կոմերսանտը։
«Արդյունքում 2014-ին երկիրը ռազմատեխնիկական ճնշող գերակշռության հասավ Հայաստանի և ԼՂՀ-ի ուժերի նկատմամբ: Վերջին տասնամյակում զենքի գնման և բանակի արդիականացման ոլորտում ներդնելով մոտ $25 մլրդ՝ Բաքուն պարզապես չէր կարող չփորձել իր ուժերը», - գրում է հեղինակն ու միաժամանակ հավելում, որ 2016-ի ապրիլին պարզվեց՝ Ադրբեջանի ռազմական առավելությունն անբավարար էր հաջողության հասնելու համար։
Մակիենկոն նկատում է, որ Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է բարդ խնդիր մնալ ռուսական դիվանագիտության համար: Նա նշում է, որ կոնֆլիկտն այն փոքրաթիվ դեպքերից է, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը, ինչպես նաև Իրանը միասնական դիրքորոշում ունեն: «Այս եզակի փոխհամաձայնությունը հրաշալի նախադրյալ է, սակայն, ցավոք, ոչ երաշխիք՝ նոր արյունահեղությունը շրջանցելու համար», - եզրափակում է հեղինակը: