Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին՝ երկուշաբթի օրը։ Նա նաև քաղաքացիներին ուղղված ուղերձով հանդես գալու մասին է հայտնել։ Այս մասին Փաշինյանն ասել է Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ամփոփիչ նիստում։
Միաժամանակ վարչապետը կրկին դիմել է խորհրդարանական ընդդիմությանը՝ առաջարկելով ապահովել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը ապահովի անհրաժեշտ վեց ձայնը, թող ամբողջ խմբակցությունով չքվեարկի։ Անհրաժեշտ վեց ձայնը, և մենք գնանք հանրաքվեի՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի», - հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջարկը պաշտոնական է։
Նա խոստացել է, որ եթե քաղաքացիները հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, ապա պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա։
Իսկ եթե հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը, Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ դրանց հերթական կամ արտահերթ լինելու հանգամանքից, ինքը չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
Վարչապետը նշել է, որ ընդդիմության կողմից առաջարկը չընդունելը չի նշանակում, որ այն այլևս ուժի մեջ չէ։ Նրա խոսքով՝ առաջարկը բաց է մնում, և ինքը պատրաստ է այն դիտարկել ընդդիմության՝ վերջին շրջանում հնչեցրած փաստարկների համատեքստում։
Փաշինյանը հիշատակել է ընդդիմության հայտարարությունները 2026 թվականի ընտրությունների արդյունքների հնարավոր լեգիտիմության խնդիրների և Հայաստանում բռնապետության հաստատված լինելու մասին։
«Որտե՞ղ եք տեսել բռնապետություն, որ ընտրություններից մի քանի ամիս հետո ընդդիմությանը առաջարկի գնալ հանրաքվեի՝ ըստ էության վարչապետի հրաժարականի գնով», - ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե Հայաստանում բռնապետություն լիներ, իշխանությունը նման առաջարկով չէր դիմի ընդդիմությանը և չէր ակնկալի, որ վերջինս ազատորեն կքվեարկի դրա օգտին։
Անդրադառնալով ընդդիմության անվստահությանը՝ վարչապետը հիշատակել է Սերժ Սարգսյանի օրինակը՝ նշելով, որ ընդդիմադիրները հիշեցնում են նախկին նախագահի հայտարարություններն ու դրանց չկատարումը։
«Եթե ես պիտի ասեմ ու չանեմ, բա դրանից ավելի լավ նվե՞ր ձեզ։ Հեղափոխական վիճակ է, այսինքն՝ ստեղծում եմ, բերեմ ձեզ մատուցում, դուք ասում եք՝ չէ, չէ, չենք ուզում», - հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև հակադրել է իշխանության հրապարակային առաջարկը ընդդիմության գործողություններին՝ պնդելով, որ իշխանությունը ներկայացնում է բաց ծրագիր, մինչդեռ ընդդիմությունն առաջնորդվում է բացառապես գաղտնի ծրագրով։