«Զապի» ու «Օշականցի Գևորիկի» կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով
«Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը կալանքից ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Ջիվանյանի նախագահությամբ, երեկ կայացած դատական նիստում որոշել է փոխել Սողոյանի և Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, գրավը՝ 20 մլն դրամի չափով և բացակայելու արգելքը։
Դատարանից Փաստինֆո-ի հետ զրույցում հայտնեցին, որ որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մեղադրյալներն ունեն կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։ Գործով անցնող երրորդ մեղադրյալը՝ Էդգար Մուրադյանը, ով Անդրանիկ Սողոյանի նախկին փեսան է, ազատության մեջ է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Նշենք, որ նախաքննության ընթացքում նա ևս կալանավորված էր։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը և Գևորգ Մելիքյանը ձերբակալվել, ապա կալանավորվել են սեպտեմբերի 23-ին։ Ըստ գործի՝ «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը՝ Անդրանիկ Սողոյանը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է մեկ այլ «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։ Նույն օրը ժամը 02:40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։
Դրանից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար լինելու համար, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն՝ իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Զապին մեղադրանք էր առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակի հետ կապված հոդվածով, Օշականցի Գեւորիկին՝ նույն հոդվածով եւ խմբով խուլիգանության համար, Էդգար Մուրադյանին՝ նույնպես խմբով խուլիգանության համար։