Եվրամիության կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումից հետո ԱՄՆ-ն կորցնում է ԵՄ-ի վրա դիվանագիտական ազդեցության լծակները: Այս մասին գրում է The New York Times-ը: Նշվում է, որ երկար ժամանակ Բրիտանիան անվտանգության, հետախուզության եւ առեւտրի ոլորտներում ԱՄՆ-ի ամենահուսալի եվրոպական գործընկերն էր: NYT-ը գրում է, որ Brexit-ն Արեւմուտքի համար ամենաանհաջող շրջանում անցկացվեց. ԱՄՆ-ն ու դաշնակիցները Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման, ՆԱՏՕ-ի ամրապնդման, սիրիական ճգնաժամը կարգավորելու, ԵՄ-ԱՄՆ առեւտրային համաձայնագիր կնքելու միջոցներ են փնտրում: Բացի այդ, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կասկածի տակ դրեց նաեւ ԱՄՆ-ի երկարաժամկետ ծրագիրը, որի համաձայն՝ եվրոպական տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում ԵՄ-ի դերն աստիճանաբար պետք է աճի, իսկ Վաշինգտոնը՝ ավելի շատ կենտրոնանա Ասիայի ուղղությամբ: ԱՄՆ-ն ստիպված կլինի նոր ռազմավարություն մշակել: Եթե նախկինում Վաշինգտոնը չէր ծրագրում լուրջ քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման համար, ապա հիմա այդ աշխատանքի համար մի քանի տարի կպահանջվի: