Բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: Վերջերս տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում, սխալ են և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ սահմանադրությամբ իշխանության ճյուղերի հստակ տարանջատման փաստն հաշվի առնելով՝ իշխանության ճյուղերը, գերատեսչությունները և օրինաստեղծ մարմինն ունեն իրենց ուրույն դերը տարեկան բյուջեի պլանավորման ու բյուջետային ծախսումների առաջնահերթությունների սահմանման գործում: ԱՄՆ Կոնգրեսը հաստատում է ընդհանուր բյուջեն և ֆինանսավորում է հատկացնում տարբեր գործադիր կառույցներին, ինչպիսիք են ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Սրա հետ մեկտեղ Կոնգրեսը այս գերատեսչություններին մասնակի անկախություն է տալիս գերակա նպատակների իրագործման նպատակով այս միջոցները տնօրինելու հարցում, ինչն իրականացվում է միջգերատեսչական գործընթացի միջոցով՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ: Այս գործընթացի միջոցով Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումը բաշխվում է ըստ երկրների և ըստ ծրագրերի՝ ապահովելով, որ ընդհանուր գումարը չգերազանցի օրինաստեղծ մարմնի հաստատած գումարը:
Որոշ դեպքերում Կոնգրեսն օգտագործում է իր լիազորությունը սահմանելու ծախսերի կոնկրետ պահանջներ, որը կոչվում է «նպատակային մասհանում»: Այս տարվա բյուջեի մասին օրենքում Կոնգրեսը կրկին օգտագործել է իր լիազորությունը և աջակցության որոշ միջոցներ նպատակային մասհանումների տեսքով հատկացվել են կոնկրետ երկրների (տարածաշրջանում նպատակային մասհանում է նախատեսվել Վրաստանի և Ուկրաինայի համար): Կոնգրեսի կողմից Եվրոպայում և Եվրասիայում աջակցության ծրագրերի համար հատկացված միջոցների մնացյալ 58 միլիոն ԱՄՆ դոլարը կբաշխվի տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի միջև, որոնց մասով նպատակային մասհանում Կոնգրեսը չի նախատեսել: Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում:
Բյուջետային այս գործընթացում նախորդ տարիների համեմատ փոփոխություն չի կատարվել: Հայաստանին ուղղվող ֆինանսավորման չափը Կոնգրեսը նպատակային մասհանման տեսքով չի պահանջել, բայց դա այդպես է արդեն մի քանի տարի: Նպատակային մասհանման բացակայությունը Հայաստանի մասով չի նշանակում, որ Հայաստանը արտաքին աջակցություն չի ստանալու: Եվրոպայի և Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորվելիք ծրագրերը ներկայումս քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում և ԱՄՆ ՄԶԳ-ում:
25 տարի Միացյալ Նահանգները, ելնելով մեր ընդհանուր արժեքներից, եղել է ամուր գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար: Փաստացի, Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է և 2017թ. այն կազմել է շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար: Միայն ԱՄՆ ՄԶԳ-ն անկախացումից ի վեր Հայաստանին հատկացրել է 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ այս պահին իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախագահ Թրամփի կողմից այս ամիս ավելի վաղ ստորագրած բյուջեի մասին օրենքում արտաքին աջակցության ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, ինչը դրականորեն մատնանշում է, որ Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի: Մենք Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին տեղյակ կպահենք միջոցների բաշխման շուրջ Վաշինգտոնում ընթացքող քննարկումների ընթացքի մասին»: