4.11.2025
Լուսանկարը՝ RBK
prev Նախորդ նորություն

Բաքվի դատախազը Արցախի ղեկավարների մեղքը «ապացուցված» է համարել

Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ
Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ

Բաքվի ռազմական դատարանում, որտեղ ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական դրդապատճառներով պայմանավորված դատավարությունը, ադրբեջանցի պետական մեղադրողը հայտարարել է նրանց մեղքի լիակատար ապացուցված լինելու մասին։ 15 հայ գերիների, այդ թվում՝ երեք նախկին նախագահների դեմ այս գործով դատավճիռը, որի ելքը կանխորոշված է թվում, մոտենում է։


Իր մեղադրական ճառում նոյեմբերի 3-ին գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե ամբաստանյալների մեղքը «լիովին հիմնավորված է» հավաքված ապացույցներով։ Մեղադրանքները ներառում են չափազանց լայն ժամանակահատված՝ 1988-ից մինչև 2023 թվականը՝ փաստացի քրեականացնելով Արցախի ազգային-ազատագրական պայքարի ողջ շրջանը։


Ալիևն ընդգծել է, որ մոտ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում շուրջ 100 նիստ է գումարվել, հարցաքննվել են մեղադրյալներ, տուժողներ և վկաներ։ Սակայն, հաշվի առնելով ռազմական դատարանում ընթացող փակ գործընթացի բնույթը, այդ ցուցմունքների անկախությունը և ամբաստանյալների հիմնարար իրավունքների պաշտպանությունը լուրջ կասկածներ են հարուցում միջազգային դիտորդների մոտ։


Ադրբեջանը հայ ղեկավարներին մեղադրում է ծանրագույն հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ցեղասպանության, ահաբեկչության, ագրեսիվ պատերազմ վարելու և իշխանության բռնի զավթման։ Մեղադրողը նաև փորձել է նրանց վրա «անուղղակի» պատասխանատվություն դնել «Հայաստանի պետության կողմից» նույն ժամանակահատվածում իրականացված ենթադրյալ հանցագործությունների համար՝ այդպիսով փորձելով իրավական ձևակերպում տալ սեփական քաղաքական պատմավարկածին։ Հատկանշական է, որ դատախազը պնդել է, թե ամբաստանյալների աթոռին «բազմաթիվ հանցագործություններ» կատարած անձանց «ընդամենը մի մասն» է։


Թեև պետական «Ազերթաջ» գործակալությունը դեռ չի հայտնում, թե ինչ պատժաչափեր է պահանջել մեղադրողը 15 հայերի (ներառյալ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ խոսնակ Դավիթ Իշխանյանի և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի) համար, մեղադրական ճառի տոնայնությունն ինքնին կասկած չի թողնում պատրաստվող մեղադրական դատավճռի հարցում։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է այս խմբից առանձին։