Բաքվի կառավարությունը ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջանը». OC Media
                    
                    
                        
                                    
                                    
                        
                     
                    
                    OC Media-ի ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմն ուղղակիորեն համակարգել և ֆինանսավորել է միջազգային արշավը մարդասիրական նախաձեռնության անվան տակ: Իրականում նախագիծը պարունակում է իրրեդենտիստական տարրեր, որոնք ուղղված են Հայաստանի նկատմամբ հնարավոր տարածքային նկրտումներին։ Այս մասին փոխանցում է Խրոնիկա Կավկազա-ն։
«Արևմտյան Ադրբեջան» տերմինը չի վերաբերում Ադրբեջանի տարածքին, այլ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասին կամ ամբողջին։
Արշավը դիրքավորվում է որպես մարդասիրական նախաձեռնություն՝ ուղղված 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին էթնիկ հակամարտությունների և Առաջին Ղարաբաղյան պատերազմի բռնկման հետևանքով Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։
Արշավի առանցքային իրադարձությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կայացած համաժողովն էր՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով։
Միջոցառման կազմակերպման համար ծախսվել է ավելի քան 109,000 մանաթ (մոտ 65,000 դոլար), որը ներառում էր մասնակիցների կացարանի, աուդիովիզուալ սարքավորումների և թվային հարթակի ծախսերը։
Գիտաժողովին մասնակցում էին 34 օտարերկրյա փորձագետներ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից:
Հոդվածի հեղինակ, շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը նշում է, որ փաստաթղթերը ցույց են տալիս պետության անմիջական մասնակցությունը համաժողովների, հրապարակումների կազմակերպմանն ու թվային հարթակների ստեղծմանը: Անկախ փորձագետները նախաձեռնությունը բնութագրում են որպես իրրեդենտիստական՝ ընդգծելով, որ դրա նպատակն է հիմնավորել տարածքային նկրտումները օտար հողի նկատմամբ: