Շուրջ 258 դպրոցում շինարարություն է. Կառավարությունը նոր գումարներ հատկացրեց
Լուսանկարը` primeminister.am
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց լրացուցիչ 1.854 միլիարդ դրամ հատկացնելուն՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի համար։ Ինչպես հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում հանրապետության 258 դպրոցներում, իսկ ծրագրի ընդհանուր ճշտված բյուջեն հասել է 125.4 մլրդ դրամի։
Նիստում որոշում կայացվեց 2025 թվականի բյուջեում կատարել վերաբաշխում, որի 500 միլիոն դրամը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Այս նոր միջոցները կապահովեն ծրագրի պատշաճ կատարումը։ Մասնավորապես, այս գումարից 1.761 մլրդ դրամը կուղղվի չորս մանկապարտեզի շինարարական աշխատանքների կազմակերպմանը և ևս 16 մանկապարտեզի գույքով ապահովմանը։
Փոխնախարարը ներկայացրեց նաև ընդհանուր պատկերը. 60 դպրոց արդեն իսկ ամբողջությամբ պատրաստ է (35-ը՝ կառուցված, 25-ը՝ հիմնանորոգված)։ Այս պահին շինարարություն է ընթանում 258 օբյեկտում (153-ը՝ կառուցվում է, 105-ը՝ հիմնանորոգվում), իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում կմեկնարկի ևս 39 դպրոցի շինարարություն։
Ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ արդեն պատրաստ 60 դպրոցներին կավելանա ևս 50-ը։ Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը կավարտվի 151 դպրոց, իսկ մինչև 2026-ի վերջ՝ ևս 47-ը։ Այսպիսով, 2026 թվականի վերջին ծրագիրը կընդգրկի 308 դպրոց։ 2026 թվականին ծրագրի ֆինանսավորումը ևս կաճի՝ կազմելով շուրջ 150 մլրդ դրամ, ինչը 51.2%-ով ավելի է, քան այս տարի։