Դատարանը մեկ ամսով կալանավորեց Կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին
Լուսանկարը՝ Factor.am
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել մեկ ամիս ժամկետով կալանքը։
Այս տեղեկությունը հաստատել են նաև Քննչական կոմիտեից։ Գերատեսչությունից ի պատասխան հարցմանը հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ կիրառվել է կալանք։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանավորելու ինչպես Կաթողիկոսի եղբորը, այնպես էլ նրա եղբորորդուն։ Ըստ տեղեկությունների՝ Կաթողիկոսի եղբորորդու խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը դեռ շարունակվում է։
Միջադեպը, որը դարձել է քրեական հետապնդման պատճառ, տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին։
Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը հայտարարել էր, որ Գևորգ Ներսիսյանն իր որդիների հետ միասին խոչընդոտել է իր նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Սակայն Կաթողիկոսի եղբոր փաստաբան Արա Զոհրաբյանը հերքել է այս պնդումները։