Ծափաթաղի 3-ամյա երեխայի սպանությունը. մեղադրանք է առաջադրվել հորը
Լուսանկարը՝ Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց, որ Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության գործով ձերբակալվել է երեխայի հայրը, նրան մեղադրանք է առաջադրվել։ Երեխայի դին, ով հոկտեմբերի վերջից համարվում էր անհետ կորած, հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվել է երեխայի դիակի արտաքին զննություն։ Զննությամբ մահացած տղայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Մահվան հանգամանքներն ու պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերի հատկանիշներով (սպանություն՝ առանձնակի դաժանությամբ, անչափահասի նկատմամբ)։ Նա ձերբակալված է։ Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ հայրը երեխային խեղդամահ է արել։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակչի անհետ կորելու մասին ոստիկանությունը հայտարարել էր հոկտեմբերի 27-ին։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո փրկարարները հայտնաբերել էին երեխայի դին։