4.11.2025
Լուսանկարը՝ mfa.am
prev Նախորդ նորություն

«Ինչ-որ մեկն իր հայրենիքը կգտնի Ալթայում». Սիմոնյանը՝ Ալիևի պնդումների մասին

Լուսանկարը՝ azatutyun.am
Լուսանկարը՝ azatutyun.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները Սևանի և Հայաստանի այլ տարածքների «ադրբեջանական ծագման» վերաբերյալ՝ դրանք որակելով որպես բացառապես Ադրբեջանի ներքին լսարանին հասցեագրված ուղերձներ։


Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ընդգծել է, որ չի ցանկանում «պատասխանել Ալիևի ներքին լսարանի տեղը»։ Նա վերահաստատեց իր նախկին դիրքորոշումը, թե «պատմական փնտրտուքների» մեջ ընկնելու դեպքում «կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում»։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները չեն բխում բանակցային գործընթացի ներկայիս տրամաբանությունից։


ԱԺ նախագահը նաև առարկեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալիևն իբր խոսել է տարածքների «ազատագրման» մասին՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի համատեքստում։ «Ես նրա խոսքում ազատագրելու մասին բան չեմ տեսել,- ասաց Սիմոնյանը։- Ընդհակառակը՝ տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Ես չեմ հասկանում, թե ինչու եք դրան «ազատագրել» ասում»։


Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի «գրեթե բոլոր տեղանունները», ներառյալ «Գոյչան» (Սևանա լիճ), իբր ադրբեջանական ծագում ունեն, և որ դա հաստատում են «ռուսական կայսերական քարտեզները»։ Նա նաև նշել էր Հայաստանում ադրբեջանցիների՝ «պատմական հողեր» վերադառնալու մասին, սակայն ընդգծել էր, որ դա պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։

Լուսանկարը՝ Անվտանգության խորհուրդ
Հաջորդ նորություն next