25.11.2024
Առանց արքայազն Չարլզի և օտարերկրյա նախագահների. ովքե՞ր չեն լինի Սարգսյանի երդմնակալությանը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին․ Հրանուշ Հակոբյան

Իշխող Հանրապետական կուսակցությունը կառաջադրի նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու եւ նա կընտրվի։ Այս կարծիքին է իշխող ուժի գործադիր մարմնի անդամ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


«Այսօր՝ այս իրավիճակում, կարծում եմ, Հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու և կընտրվի», - ասել Հակոբյանը, հայտնում է Ազատույթունը:


Անդրադառնալով նախագահի չորս տարի առաջ արված հայտարարությանը, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, իշխող կուսակցության բարձրաստիճան անդամը այսօր «Եռաբլուր» պանթեոնում նշեց՝ երբ մի բան ասում են՝ անպայման չէ, որ դա լինի․ «Կյանքը դոգմա չի, որ այսօր մի բան ասեցինք՝ պետք է անպայման դա լինի: Կյանքը զարգանում է, փոփոխվում է, դիալեկտիկայի օրենքները բոլորիս հայտնի են: Խնդիր չեմ տեսնում: Դա խոստում չէ, դա ընդհանրապես ասված էր տվյալ պահի համար: Յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը»:


Չնայած, որ նախագահ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ իր կարծիքով մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի ղեկավարմանը, այդուհանդերձ, շուրջ տասը օր առաջ արդեն երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը չէր բացառել, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում:


Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ պնդում է, որ Սերժ Սարգսյանն այսօր այլընտրանք չունի․ «Ասվել է հետևյալը, որ՝ ինքը ոչինչ չի ուզում և այսօր էլ ոչինչ չի ուզում, բայց նաև համակարգը այնպիսին է, որ ինչ֊որ նոր մարդ չկա, որին կարողանանք մենք դիմել, որպեսզի դառնա վարչապետ»:


Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները կավարտվեն ապրիլի 9-ին, իսկ դրանից մեկ շաբաթ անց էլ կընտրվի երկրի նոր ղեկավար վարչապետը: Այս ժամանակամիջոցն էլ ցանկանում են օգտագործել ընդդիմադիր որոշ ուժեր Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի համար․ այդ մասին արդեն հայտարարել են Ազատության հրապարակում վերջին շաբաթներին հանրահավաքներ անցկացնող «Հանուն Հայաստան պետության ճակատը», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու երիտասարդական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը:


Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը կեղծ օրակարգ է համարում․ «Բլեֆ է դա, բլեֆ: Կեղծ օրակարգ է: Սահմանադրության նորմ կա, և Սահմանադրությամբ պատգամավորներն են որոշելու առաջիկա չորս տարիների ընթացքում ով կլինի վարչապետ: Ի՞նչ պետք է անեն, պետք է վախեցնե՞ն: Ժողովուրդը իր քվեարկությամբ որոշել է՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:


Եվ ժողովուրդը իր քվեարկությամբ տվել է մեզ այդ իրավունքը, որպեսզի մենք առաջիկա հինգ տարիների համար որոշենք՝ ով է գործադիր իշխանություն: Եվ մենք ենք պատասխանատու, և դա կեղծ քաղաքական, արհեստական օրակարգ է»: