ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում: Այս մասին նա հայտարարել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ ըստ Սերժ Սարգսյանի՝ ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009թթ. գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանը, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ:
«Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,-նշել է նախագահը և ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման՝ եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի: Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ Սերժ Սարգսյանի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ: Նախագահը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու, իսկ պետության ներկայիս հնարավորությունների պայմաններում եղած միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են: Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, և դրա համար, ըստ նրա, պետք է գտնել հավասարակշռված մի մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության և հասարակության ակնկալիքները: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման և հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել և քննարկել հնարավոր լուծումները:
Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը և նշել, որ մեկ բան ակնհայտ է՝ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է.
«Ուրեմն և՛ դուք, և՛ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- հավելել է հանրապետության ղեկավարը:
Նշենք, որ ըստ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2017 թվականին կազմել է 7 մլրդ դրամ, արտաբյուջետային ֆինանսավորումը՝ մոտ 2 մլրդ դրամ: Ամսական միջին աշխատավարձը, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 100 հազար դրամ:
Դրամաշնորհային ծրագրերով ԳԱԱ-ն նախորդ տարի իրականացրել է 100 գիտահետազոտական աշխատանք՝ 528 հազար դոլար, 448 հազար եվրո, 1 մլն 557 հազար ռուբլի, 88 մլն 702 հազար դրամ արժողությամբ: «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել 12 նախագիծ՝ 1.3 մլն եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ: