Առանց ավելորդ պատրանքների, բայց նաև մեր պայքարում վճռական շարժվելու ենք առաջ
Երեկ իմ վաղեմի ընկեր, երկար տարիների գործընկեր, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը կալանավորվեց 2 ամսով։ Ռուբենին մեղադրում են իբրև թե զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։
Ոչ միայն չէր ներկայացվել Ռուբենի կողմից իրեն վերագրվող արարքները հիմնավորող գեթ մեկ ապացույց, այլ նաև հակառակը՝ ներկայացրել էինք նրա անմեղությունը հիմնավորող օբյեկտիվ ապացույցներ (տեսագրություններ)։
Հիմնավոր կասկածի ի սպառ բացակայության պայմաններում ներկայացրել էինք այլընտրանքային խափանման միջոցների համակցության մի այնպիսի միջնորդություն (մեծ գրավ, տնային կալանք կամ վարչական հսկողություն), որը այդ նույն հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում նույնիսկ ավելորդ էր, իսկ այն չբավարարելը` զավեշտալի։
Ավելին՝ այն ինչ երեկ տեղի ունեցավ դատական նիստին ու հայտնի դարձավ ներկաներին ապշեցնելու է բոլորին (բայց դրա մասին հետո՝ պատեհ պահին)։
Ինչևէ, առանց ավելորդ պատրանքների, բայց նաև մեր պայքարում վճռական շարժվելու ենք առաջ։
Հ.Գ. Հիացած եմ ընկերոջս երեկվա արժանապատիվ կեցվածքով ու ուրախ, որ ի հեճուկս էս անարդար վերաբերմունքին չի չարացել և նույն բարեսիրտ Ռուբենն է մնացել:
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:
Փաստաբան Վարազդատ Հարությունյան