ԱՀԱ համակարգում կընդգրկվեն նաև մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները
Oրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին 2027 թվականի հունվարի 1-ից ընդգրկել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Հանրապետությունում մինչև 200 հազար դրամ ստացող քաղաքացիների թիվը մոտավորապես 350 հազար է։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ նախատեսվում է, որ 2027 թվականին ապահովագրավճարը կսուբսիդավորվի․ ամսական 10,800 դրամ ապահովագրավճարի 4,400 դրամը կվճարի պետությունը՝ որպես սուբսիդիա, 4,400 դրամը՝ գործատուն։ Քաղաքացին կվճարի 2,000 դրամ։
Նախարարի խոսքով փոփոխություն է իրականացվում նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ իրականացնող քաղաքացիների համար։ Այսպիսի զբաղվածությամբ քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել վճարել 10,800 դրամ ապահովագրավճարը և ընդգրկվել համակարգում։ Նախարարը պարզաբանել է, որ էլեկտրոնային հարթակների շրջանակում որոշակի շեմ է դրվել․ վարորդը պետք է 2 տարի միացած լինի էլեկտրոնային հարթակին և վերջին 1 տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի չափից ավելի շրջանառություն ունենա։
Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են ապահովագրել նաև իրենց փոխկապակցված անձանց։ Քաղաքացիներն այդ նպատակով պետք է դիմեն ապահովագրական հիմնադրամին և ապահովագրվող անձի համար վճարեն ամսական ապահովագրավճարը։ 200-500 հազար դրամ ստացող անձինք կարող են ապահովագրել 1 անձի, 500 հազարից ավելի ստացողները՝ 2 անձի։ Փոխկապակցված անձ են համարվում երեխաները, ծնողները, կինը և ամուսինը։ Այս փոփոխությունը հիմնականում վերաբերելու է ուսանողներին և չաշխատող այն անձանց, որոնք դեռևս կենսաթոշակառու չեն։ Նախարարը տեղեկացրել է՝ ապահովագրելու համար ապահովագրող քաղաքացին մեկ անգամ պետք է դիմում ներկայացնի հիմնադրամ։ Դիմումը կարելի է ներկայացնել հեռախոսի միջոցով՝ «Արմեդ» համակարգով։
Հարցուպատասխանի ձևաչափում նախարարը պարզաբանել է, որ նշված անձանց՝ ապահովագրողի հետ միասին ապրելը պարտադիր հանգամանք չէ։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դեղերի գրանցման գործընթացին։