Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք. ԱԺ նախագահ
Հայաստանը երկաթուղիների հարցում կարող է կորցնել մրցակցային առավելությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Կա խնդիր՝ ՌԴ հետ փոխկապակցված ընկերությունները սանկցիաների տակ են ու ստեղծվում է մի իրավիճակ, որ մենք կարող ենք կորցնել մեր մրցակցային առավելությունը»,- նշեց նա։
Նա բողոքեց ռուսական կողմից՝ նշելով, թե հայկական երկաթուղիները վերազինման կարիք ունեն, բայց ՌԴ-ն, կարծես, այդքան էլ հակված չէ դա անել, մտավախություն ունենալով, թե դա եկամտաբեր չի լինելու։ Միևնույն ժամանակ Ռուբինյանը նշեց, որ կա բարիդրացիական քննարկում, հետևապես ինքը հույս ունի, որ շուտով կհասնեն որևէ հանգուցալուծման:
«Ես չեմ համարում սա աշխարհաքաղաքական հարց, այն տնտեսական է։ Եվ մենք պետք է հասնենք մի լուծման, որի արդյունքում կպահպանենք մեր տնտեսական մրցակցային առավելությունները»,- ասաց նա։
Ապա ավելացրեց.
«Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց մենք ունենք խնդիրներ մեր մեկուսացման դեմ և չենք ուզում մնալ մեկուսացման մեջ: Լուծումներ են պետք, որ չկորցնենք տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը»: