24.10.2025
Նիկոլական սուտը. Իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ: Նախօրեին՝ երեկոյան, իրավապահ համակարգի ավելի քան 50 աշխատակից «սանրել» է Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցը, հարակից փողոցներն ու փորձել հայտնաբերել ցուցարարների, որոնք իբր նյութական շահագրգռության դիմաց են մասնակցել «Մեր ձեւով» շարժման վերջին հանրահավաքին։ Հանրահավաքի կադրերով նույնականացրել են մասնակիցներին, ճշտել ոմանց բնակության հասցեները եւ այցելել նրանց, հարցուփորձ արել, թե ինչու, ում դրդմամբ են մասնակցել հավաքին։ Երկրում վխտացող բյուր խնդիրները թողած, կրիմինալի դեմ պայքարը թողած, իրավապահ համակարգը զբաղված է իշխանության քաղաքական շահերի սպասարկմամբ, ընդդիմադիրներ բռնելով, երկրում վախ տարածելով, որ հաջորդ հանրահավաքներին կանխի մարդկանց մասնակցությունը։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. «Վարդանիկ» օպերացիան հերթական անգամ ի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես՝ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար, մինչդեռ, ըստ նրա, 20-30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։ Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնե՞ն ժողովրդին՝ հարցրինք մեր աղբյուրին: Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է, ըստ մեր աղբյուրի: Եվ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանից 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է կառույցի հնաբնակ աշխատակիցներին եւ շարունակում է ազատել: Հատկապես ՀԷՑ ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային պայմանագրերն են նախեւառաջ լուծարվում, եւ նրանց փոխարեն նշանակվում են ՔՊ-ականներ։ Չնայած ՔՊ-ականները դեռ կարճ ժամանակ են աշխատել, սակայն տեղեկություններ կան, որ հոսանքի կորուստների շեշտակի աճ է գրանցվել` տեխնիկական կորուստներից ավելի, ինչը կոռուպցիոն ռիսկի դրսեւորում է։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան արքեպիսկոպոսի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին Բ-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին: Անմիջապես վարույթ հարուցվեց` «հավաքի մասնակցելուն հարկադրելու» հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում: Մայր Աթոռը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։


Մեր տեղեկություններով, իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգեւորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի: Իսկ թե ինչու հենց Նաթան սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է՝ դա էլ է մտածված։ Նա Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած՝ Եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում․ կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք` եթե Վեհափառին կալանավորեն եւ այլն: Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։


"Հրապարակ" օրաթերթը գրում է. Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը Եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է՝ ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աջապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։ Նրա հետ այդ տարիներին աշխատած անձը պատմեց, որ Նազելին անգամ ամեն ինչ արել է, որ Աջապահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ ե՛ւ քավոր դառնալ, ե՛ւ պսակ իրականացնել։ Պատմեցին նաեւ, որ «Ցայգ»-ում աշխատելու ընթացքում Նազելիի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը, նա պարծեցել է, որ հեղինակավոր հոգեւորականին հյուրընկալելով՝ ռեյտինգ է բարձրացնում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություն, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։


Հարցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել էինք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.


1. Արդյոք Անահիտ Մանասյանի վերաբերյալ ձեր հանձնաժողովում իսկապես հարուցվե՞լ է վարույթ։


2. Եթե այո, ապա ի՞նչ հիմքով եւ ո՞ւմ դիմումի կամ հաղորդման հիման վրա է այն հարուցվել։


3. Ի՞նչ հարցի շուրջ է վարույթը եւ ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում։


4. Ե՞րբ է նախատեսվում վարույթի ավարտը կամ եզրակացության ընդունումը։


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանից «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ հետեւյալ պատասխանը։ «Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարույթը ներառում է մասնավոր անձանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի եւ զգայուն տվյալներ, հիմք ընդունելով մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ վարույթի իրականացման ընթացիկ փուլում չեն կարող տրամադրվել»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Հանձնաժողովից օրաթերթին հորդորել են նաեւ հնարավորության դեպքում զերծ մնալ սույն վարույթի վերաբերյալ, մինչեւ դրա ավարտը, հրապարակում կատարելուց, իսկ օրենքով սահմանված կարգով՝ վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 29-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի բոլոր մանրամասներին, բայց զերծ կմնանք որեւէ հրապարակումից՝ սպասելով, որ ԿԿ հանձնաժողովը «պատժի» օմբուդսմենին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել: Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից: Իսկ արդեն երկու օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում:


Ուշագրավ է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, լինելով Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մինչեւ հիմա ոչ մի կարգավիճակ չունի այս գործի շրջանակում: Նա անգամ վկա չէ: Մինչդեռ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Աշոտյանը մոտ 3 տարի կալանքի տակ մնաց: Ավելին՝ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից փորձում էր նախօրեին «մաքրել» իրեն այս գործից, այն պարագայում, երբ նրա կողմից երաշխավորված Սրբուհի Գեւորգյանն ամեն հարցում իր հետ է ճշտումներ արել, ու դա գիտեն իրավապահները:


Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին,Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Իսկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ, սկանդալով հայտնի Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի նպատակն է կարգի բերել Կասկադ համալիրի ամբողջական տեսքն ու կյանքի կոչել թամանյանական ու ջիմթորոսյանական կոնցեպտը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ կառուցապատման ավարտից հետո կունենանք համայնքի ենթակայության տակ գտնվող 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված: Կձեւավորվի մշակութային նոր հանգույց՝ շուրջ 30 հզ քառ. մետր տարածքով, իսկ կառուցապատող ընկերությունը շրջակա մոտ 4.5 հա տարածքի վրա կիրականացնի կառուցապատում, որը ներդաշնակ կլինի տարածքի ու համալիրի ճարտարապետությանը:


Տիգրան Ավինյանը նշեց նաեւ, որ Կասկադի այդ հատվածը 2007 թվականից փորված է, ու գործը տեղից չի շարժվել. այն տարիներին հայտարարվել է մրցույթ, որին հաղթել է նյույորքյան ընկերություն, սակայն շինարարությունը ավարտին չի հասել: Վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցել են բազմաթիվ հայ ճարտարապետներ իրենց նախագծերով, սակայն երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությամբ որոշել հաղթողին: Քվեարկության են դրվել երկու նախագծեր՝ մեկը վերոնշյալ նյույորքյան ընկերության, իսկ մյուսը ֆրանսիական ընկերության կողմից առաջարկված նախագծերը: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրորդը՝ ֆրանսիականը, որն էլ քաղաքապետարանի կողմից վերցվել է որպես էսքիզային տարբերակ, ու հայտարարվել է մրցույթ, որի պահանջներից է եղել արդեն իսկ նշված համերգասրահի, թանգարանի ու մյուս կառույցների պարտադիր ներառումը ու դրանց սեփականության իրավունքով քաղաքային իշխանություններին հանձնելը, ինչի դիմաց հատկացվել է 4.5 հեկտարի չափով հարակից տարածք կառուցապատման համար: Ըստ քաղաքապետի՝ նվազագույն ներդրումային չափն իրենց կողմից առաջարկված է եղել 13 մլրդ դրամը, սակայն հաղթող ընկերությունն առաջարկել է կենտրոնական հատվածի համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, բացի դրանից՝ կառուցապատողը Երեւանի քաղաքապետարանին վճարելու է 10 մլրդ 449 մլն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, նաեւ իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ: Քաղաքապետն իր խոսքում նշեց նաեւ, որ կառուցապատողին փոխանցվելիք շուրջ 4.5 հեկտարի չափով տարածքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է 3 տարբեր ընկերությունների կողմից, վերջիններս այն գնահատել են միջինացված՝ 22 մլրդ 200 մլն դրամ: Թվային տեսքով ստացվում է, որ մայրաքաղաքը ստանալու է շուրջ 30 մլրդ 688 մլն դրամ:


Ինչ խոսք, տասնամյակներով ձգված խնդրի լուծման նախաձեռնությունն ու ջանքերն Ավինյանինն են, սակայն քաղաքային իշխանությունները լավ կանեն ապահովեն թափանցիկություն շինարարական աշխատանքների ընթացքում, հատկապես՝ մասնագիտական հանրույթի համար: Հ.Գ մեր տեղեկություններով` վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ. մեզ հետ զրույցներում մասնագետները պնդում են, որ դա հիմնականում պայմանավորված է ապօրինի շինարարությունների դեմ պայքարով, երեւանցիներին պատկանող այգիների, մայթերի ու բակային տարածքների վերադարձմամբ։ Նույնիսկ քաղաքապետի նախկին քննադատներն են սկսել հրապարակավ գրառումներով գնահատել այս մոտեցումը»։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում
Հաջորդ նորություն next