Քանդելու մոլուցք. երբ հայկական ինքնությունը դառնում է թիրախ
«Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանում է, անտաղանդ ժեստերով սրտիկ է ցույց տալիս՝ “սիրում եմ ձեզ” ասելով ժողովրդին։ Կեսօրին հրաման է տալիս ընդդիմախոսներին ասֆալտին փռել, իսկ երեկոյան ոգևորվում է, երբ մելքոնյաններն ու դանիելյաններն արդեն կալանքի տակ են», — ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը պատահական չէ. «Մինչև 2024 թվականը այս մարդիկ ձայն չէին հանում։ Հարցրեք՝ ինչո՞ւ։ Պատասխան չունեն, որովհետև այսօր խոսում են ոչ թե հավատից, այլ պատվերից։ Երբ Բաքվից իջեցվում է հրահանգ՝ ջնջել հայկական ինքնությունը պահպանող ինստիտուտներից մեկը, հանկարծ “խոսելու ժամանակն” է գալիս։ Ահա այս է նրանց շարժառիթը»։
Պատգամավորը խստորեն արձագանքել է նաև վերջին աղմկահարույց պատահարներին. «Գնացեք կիրակի օրն այն քահանայի պատարագին, ում կարգալույծ եք արել, ու Կադիրովի անունով կերդվեք, չմոռանաք։ Սա արդեն ողբերգություն է։ Որտեղ ձեր ձեռքը հասել է՝ ապականել եք, քանդել եք, ավիրել եք»։
Աննա Գրիգորյանը հիշեցրել է, որ Արցախի հայաթափումը նույն ձեռագրով է արվել. «Հազարամյակներով հայերով բնակեցված Արցախում այսօր հայ չի ապրում։ Այդ նույն իշխանությունն այժմ ձեռք է մեկնում դեպի եկեղեցի՝ քանդելու 1700-ամյա հավատքի սյունը։ Դա է ձեր ոճը՝ ոչնչացնել ամեն բան, ինչ կապ ունի հայկական ինքնության և ժողովրդի գոյության հետ»։