Ջոն Էվանս. Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը
Ժամանակն է, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը։ Արցախը պետք է ունենա բանակցային գործընթացում մասնակցության իր չափաբաժինը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Ամերիկացի դիվանագետի խոսքով, թեև ինքը ուղղակիորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում է դրան:
«Մեծ հարգանք ունեմ պարոն Ջեյմս Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը»,- հիշեցրել է ամերիկացի դիվանագետը:
Էվանսը համոզմունք է հայտնել, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը:
«Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ»,- հավելել է նա:
Նշենք, որ Ջոն Էվանսն այս օրերին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ Կարո Արմենի հրավերով գտնվում է Արցախում: Այս հանգամանքը նյարդային տրամադրություններ է ստեղծել Ադրբեջանում: APA գործակալության հարցմանն ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից հիշեցրել են, որ Էվանսը նախկին դեսպանն է , ուստիև Ղարաբաղում է որպես անհատ, ոչ թե որպես պաշտոնատար անձ:
Նշենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ից արդեն հայտնել են, որ Ջոն Էվանսի անունը ներառելու են «սև ցուցակում»: