23.11.2024
Կրքեր ռուսական ռազմական ոստիկանության շուրջ. անառողջ քննադատություն + անտեսվող օրենք
prev Նախորդ նորություն

«ՎիզաՄետրիկ»-ի թուրքական հետքը. ԱԺ-ն անհանգստացած է, գործադիրը ստուգումներ է իրականացնում

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց՝ պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2018 թվականի մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է եւ գլխամասը գտնվում է Թուրքիայում:


Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։ Սա առաջացրել է մեծ ռեզոնանս հանրության շրջանում՝ կապված անձնական տվյալների պաշտպանվածության հետ, քանի որ դրանց՝ ոչ վստահելի կազմակերպության ձեռքերում հայտնվելու մտավախություն կա:


«Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումն ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»,- ասված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:


Գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կներկայացվի հանրությանը:


Խնդրին արձագանքել էին նաեւ ՀՀ Ազգային ժողովից: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրման տրամադրումը «ՎիզաՄետրիկ» ռուս-թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ կապված:


«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը, կապված ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրի համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ, տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյան:


Միեւնույն ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը վստահեցնում է, որ անձնական տվյալների պաշտպանվածության մասին անհանգստանալու կարիք չկա: ««Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում», - ասել է Մաթիաս Քիսլերը։


Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։


«Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է եւ մենք կարող ենք երաշխավորել՝ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,-ասել է դեսպանը։


Ազգային վիզաների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենալու եւ դրանցով բացառապես զբաղվելու է դեսպանությունը։


Հայաստանում «ՎիզաՄետրիկ» ընկերության ներկայացուցիչ եւ ծրագրերի համակարգող Էլվիրա Բազիրովան էլ տեղեկացրել է, որ նման կենտրոններ նախատեսում են բացել նաեւ Ադրբեջանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Չինաստանում։


Դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը նշել է, որ այս փոփոխության արդյունքում կրկնապատկվի դիմումների քանակը։ «Մենք կկենտրոնանանք դեսպանության բուն իրավասությանը վերաբերող խնդիրների՝ դիմումների քննության եւ որոշումների կայացման վրա»,-ասել է նա, գրում է Մեդիամաքսը։


Դեսպանության աշխատակիցը հայտնել է, որ 2017 թվականին Երեւանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է Շենգենյան վիզայի 15 200 դիմումներ եւ տրամադրել է շուրջ 14 000 վիզա։ Մերժումների չափաքանակը կազմել է 7,8%։


«Այսուհետ դիմումատուն հնարավորություն կունենա առցանց հետեւել իր դիմումի ընթացքին։ Անձնագրերի վերադարձը հնարավոր կլինի նաեւ փոստային ճանապարհով։ Կարելի է օգտվել նաեւ կենտրոնի այլ վճարովի ծառայություններից, այդ թվում՝ պատճենահանում, անձնագրային լուսանկարներ եւ թարգմանություններ», - նշել է նա։