23.11.2024
«ՎիզաՄետրիկ»-ի թուրքական հետքը. ԱԺ-ն անհանգստացած է, գործադիրը ստուգումներ է իրականացնում
prev Նախորդ նորություն

Չհեռացող Սերժ Սարգսյանի ժառանգությունը. աղքատություն, արտաքին պարտք, խեղված ճակատագրեր

Երկուշաբթի օրը ՀՀ նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի Արմեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նրան պաշտոնը կփոխանցի 10 տարվա նախագահության ժամկետից հետո, բայց սա ամենևին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը նրան կհանձնի նաև երկրի կառավարման ղեկը. դրանից խուսափելու համար Սարգսյանը տարիներ առաջ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները, որպեսզի ապահովի իր բացարձակ իշխանությունը նաև 2018-ից հետո: Իսկ թե որքա՞ն այն կտևի այս անգամ՝ մնում է միայն կռահել:

Այն, որ Սերժ Սարգսյանը չի հեռանում, հայտնի էր: Անգամ մինչև իր վերջին հայտարարությունը, որ ինքը պատրաստ է լինել երկրի վարչապետ որոշակի վերապահումով՝ քաղաքականությանը հեռու-մոտիկ մարդիկ հստակ գիտակցում էին իրենց ապագան: Այսինքն այն, որ ապրիլի 9-ից հետո նրանց կյանքում, թերևս, ոչինչ չի փոխվելու: Սերժ Սարգսյանը նաև անուղղակի էր իր ցանկությունը հաստատում. օրինակ, հրաժարվեց լքել նախագահական նստավայրը և ՀՀ ապագա նախագահի համար շտապ նոր նստավայր ընտրվեց ու կահավորվեց, անցած շաբաթ կառավարությունը նրան նվիրեց կառավարական անռանձնատունը, ինչն ուղղակի աննախադեպ է , և այլն:

Շատ է գրվել այն մասին, թե ինչ տվեցին Հայաստանին Սերժ Սարգսյանի 10 տարիները: Կարելի է խոսել նաև ձեռքբերումների մասին, բայց դրանց թիվը խամրում է այն լուրջ ձախողումների ու խնդիրների առջև, որոնք ունենք: Որքան էլ մեղադրեն պաշտոնական վիճակագրությանը թվանկարչության համար, բայց իրականությունը տեսանելի է ամեն քայլափոխի և անհնար է չառերեսվել դրան:

Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու տարում՝ 2008-ին, աղքատության մակարդակը կազմել է 27.6%: Դրանից հետո այդ մակարդակը շարունակ աճել է: Իշխանությունները պարզաբանում են, թե դա պայմանավորված է ոչ թե իրենց վարած ապաշնորհ քաղաքականությամբ, այլ 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամով: Սակայն 5 տարին լուրջ ժամանակահատված էր, որի ընթացքում կարելի էր քայլեր ձեռնարկել խնդրի հաղթահարման համար, մինչդեռ 2014 թվականին ՀՀ-ում աղքատության արդեն 30% ունեինք: Դրանից հետո պաշտոնական վիճակագրությունը խոսում է աղքատության մակարդակի նվազման մասին՝ 2016 թվականին այն կազմել է 29.4%՝ նվազելով 0,6 %-ով: Բայց դա էլ հարցեր է առաջ քաշում, քանզի պետական քաղաքականությունն ու երկրում առկա իրավիճակը ամենևին էլ չեն նպաստում աղքատության մակարդակի նվազմանը:

Այդպես, վերջին տարիներին կենսաթոշակների ու նպաստների մակարդակը մնացել է նույնը, աշխատավարձերի բարձրացում ևս տեղի չի ունեցել, բայց դրան զուգահեռ ունենք շարունակական գնաճ: Այս տարվա սկզբին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի գնաճի ցուցանիշը՝ ընդամենը 2.7%, սակայն ընդդիմադիրները պնդեցին, որ իրական գնաճը կազմել է ավելի քան 20%: Մինչդեռ իր առաջին նախագահական ժամկետին ընդառաջ Սերժ Սարգսյանը խոստանում էր մինչև 2010 թվականը լիովին հաղթահարել աղքատությունը՝ ճանաչելով այդ երևույթը ներքին թշնամի:

Տաս տարի անց ներքին թշնամին, որն ուժերը հավաքում ու հզորանում է իշխանությունների քաղաքականության շնորհիվ, պատճառ է դարձել հանրության զգալի մասի ոչ միայն աղքատանալուն, այլև հազարավոր մարդկանց Հայաստանից անվերադարձ հեռանալուն: Համաձայն ԱՎԾ տվյալների՝ անցած տասը տարիների ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է 380 հազար մարդ, այսինքն՝ տարեկան միջինը 38 000։ Ամենից շատ Հայաստանից հեռացել են 2016 թվականին՝ 48 200 մարդ, ինչպես նաև 2010-ին՝ 46 700: Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին երկու տարիներին՝ 2008-2009-ին հեռացողների թիվը չի գերազանցել 25 հազարը:

Նախագահի անցած տարվա ելույթների շարքում հատուկ առանձնացավ 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականով ելույթը, որն արժանացավ քննադատության: Այս ելույթը, թերևս, կարող է հավակնել 2017 թվականի ամենաքննարկված, ամենաքննադատված ու ամենածիծաղելի ելույթը, եթե իրականությունն այդքան տխուր չլիներ: Արտագաղթի տեմպերի ուժգնացմանը զուգահեռ Հայաստանում նվազել է ծնունդերի ցուցանիշը, ինչը բնական է՝ երիտասարդները հեռանում են, իսկ մնացողները վախենում երեխա ունենալ, քանզի ունեն շատ չլուծված խնդիրներ: Այն տարում, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի կառավարումը, երկրում ծնվել է 41 185 երեխա, 2009 թվականին՝ 44 466 երեխա: Իսկ 2017 թվականին Հայաստանում ծնվել է ընդամենը 37 700 երեխա, և սա վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է:

Այս ճանապարհով է Հայաստանը հասնելու 4 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի՞, թե՞ այդ հայտարարությունը հավասարազոր է տարիներ առաջ իր տված խոստմանը, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Երկու տարբերակն էլ, ցավոք, հեռու չեն իրականությունից, քանզի հայաստանյան քաղաքականությունը առանձին անհատներ վաղուց դարձրել են հնարավորի արվեստ և խոստումներ տալիս են ուղղակի, պահի դրդմամբ կամ գուցե ըստ տրամադրության: Մինչդեռ մասնագետները հիմնվում են իրականության վրա, որը ոչ մի լավ բան չի կանխատեսում Հայաստանին:

Այդպես, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաշվարկներով, ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում 2035 թվականին բնակչությունը լավագույն դեպքում կկազմի 2,5 մլն. մարդ: Այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, բնակչությունը կազմում է շուրջ 3 մլն...
Իսկ խնդիրները շատ են ու չեն նվազում՝ մանր սոցիալականից մինչև գլոբալ, որոնք ամենևին էլ չեն հեշտացնելու Սերժ Սարգսյանի կառավարումը, որը պահելու համար այդքան ջանք դրվեց:

Չմոռանանք արտաքին պարտքի մասին, որը ամեն ամիս ավելանում է, քանի որ հայրենի կառավարությունը անվերջ վարկեր է վերցնում: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774 մլն 604 հազար դոլար, այդ թվում՝ արտաքին պարտքը 5 մլրդ 494 մլն 905 հազար: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը արդեն ազդարարել է, որ 2018 թվականի ավարտին պետական պարտքը կհատի 7 մլրդ դոլարի շեմը, բայց պաշտոնյան դեֆոլտի վտանգ չի տեսնում:

Այս տեմպերով գնում ենք ոչ թե դեպի ապահով, այլ խավարող Հայաստան...

Լիա Խոջոյան