29.04.2026
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն Աղվերանում է
prev Նախորդ նորություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի գրադարանում հանդիպել է հանրակրթական մի շարք դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։


Գրադարանի տնօրեն Էլմիրա Պողոսյանը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ գրադարանը ստեղծվել է 1998 թվականին՝ համայնքային հինգ գրադարանների վերամիավորման արդյունքում: Այն ունի երեք մասնաճյուղ և գործում է որպես գրադարանների կենտրոնացված համակարգ։


Նախարարն ընդգծել է, որ գրադարանները պետք է լինեն հանրային ակտիվ միջավայրեր, իսկ դպրոց–գրադարան համագործակցությունը՝ առաջնահերթ։


«Գրադարանների և դպրոցների համագործակցությունն առաջնային է։ Երեխաների շրջանում ընթերցանության խրախուսումը պետք է դիտել առաջնահերթ խնդիր, որովհետև եթե բավարար չափով զարգացած չեն ընթերցանության և տեքստի ընկալման հմտությունները, գիտելիքի զարգացումը սահմանափակվում է»,- նշել է նախարարը։


Անդրադառնալով գրադարանների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է դպրոցական բյուջեներում առանձնացնել առանձին տող գրքերի ձեռքբերման համար. «Փաթեթային տրամաբանությամբ նախատեսում ենք նորակառույց դպրոցների համար ձեռք բերել և տրամադրել նոր գրքերի հավաքածուներ։ Դրանք կլինեն դպրոցական ծրագրին և տարիքային առանձնահատկություններին համապատասխան գրքեր։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է գրադարանային ֆոնդերի շարունակական թարմացում, ինչը հնարավորություն կտա դպրոցներին ամեն տարի համալրել իրենց գրական պաշարները»:


Տնօրենների հետ հանդիպմանը հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են վարչատնտեսական համակարգողների գործառույթներին, դպրոցներում անվտանգության խնդիրներին, լաբորատոր հագեցվածությանը, Երևանի դպրոցներում «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրմանը և այլն։


Անդրադառնալով վարչատնտեսական համակարգողի համակարգի ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ մի քանի տարի առաջ ներդրված կառավարման նոր մոդելի հիմքում դրված է հետևյալ սկզբունքը՝ մի շարք գործառույթներ՝ գնումներ, հաշվապահություն, անվտանգություն, մաքրություն, սնունդ և այլն, կարող են իրականացվել մասնագիտացված ծառայությունների միջոցով։ Նպատակը, ըստ նախարարի, մեկն է՝ տնօրեններին ազատել վարչական գործառույթների բեռից, որպեսզի նրանք կենտրոնանան կրթության որակի և բովանդակության վրա։


ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Երևանի դպրոցներն այս տարի կստանան անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ, որին կհաջորդեն ուսուցիչների վերապատրաստումներ՝ դրանց արդյունավետ կիրառումն ապահովելու համար։


«Ամենաբարդը ձևավորված միջավայրի արդյունավետ օգտագործումն է։ Կարևոր է, որ լաբորատորիաները լինեն ակտիվ՝ չմնան դատարկ և լիովին ընդգրկվեն ուսուցման գործընթացում։ Այս նպատակով կարող են գործել նաև տարբեր խմբակներ և այլ ուսումնական ձևաչափեր»,- նշել է նա՝ հավելելով, որ լաբորատորիաների կիրառման վերաբերյալ պատրաստվել են տեսադասեր՝ դպրոցներին աջակցելու նպատակով։


Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև դպրոցաշինության ծրագրերը՝ նշելով, որ այժմ քննարկվում է 300 դպրոց ծրագրի հաջորդ փուլը, որտեղ կընդգրկվեն նաև քաղաքային բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքի դպրոցներ․ «Երևանը շատ մեծ չափով ներկայացված է լինելու ծրագրում։ Առաջին փուլում հիմնականում կենտրոնացել էինք մարզային բնակավայրերի ուսումնական հաստատությունների վրա, իսկ երկրորդ փուլում մեր ուշադրությունը ոչ պակաս չափով կենտրոնացված է լինելու Երևանի դպրոցների վրա»։


Հանդիպմանը քննարկվել են նաև ուսուցիչների անվտանգության, ծնողների հետ աշխատանքի նոր մոտեցումների, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, աշակերտների բացակայությունների հաշվառման և այլ խնդիրների հետ կապված հարցեր։


 


 


 

Հայաստանը պետք է դառնա ուժեղ, անվտանգ և տնտեսապես զարգացած երկիր․ Ծառուկյան
Հաջորդ նորություն next