Հեղուկ գազի դեֆիցիտը նահանջում է. նախարար Պապոյանը խոստանում է գների անկում
Լուսանկարը` Ազատություն
Առաջիկա օրերին հայաստանյան շուկան կհամալրվի հեղուկ գազի խոշոր խմբաքանակներով, ինչը կհանգեցնի վառելիքի գների էական նվազման։ Մատակարարումները վերականգնվում են սահմանային լոգիստիկ խափանումների և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության հետևանքով առաջացած ժամանակավոր ճգնաժամից հետո։
Իրավիճակի մոտալուտ հանգուցալուծման մասին ապրիլի 30-ին կայացած կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերջին շրջանում ավտոլցակայաններում վառելիքի պակասն ու դրան հաջորդած գնային կտրուկ աճը պայմանավորված էին մի քանի անբարենպաստ գործոնների համընկնմամբ:
Խափանումների հիմնական պատճառներն են դարձել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը և «Վերին Լարս» անցակետի փակ լինելը, ինչը հանգեցրել էր բեռնատարների մուտքի լուրջ ուշացումների և խաթարել մատակարարումների բնականոն ռիթմը։
Նախորդող օրերին հանրապետության վարորդները զանգվածաբար դժգոհում էին հեղուկ գազի բացակայությունից կամ դրա աննախադեպ բարձր արժեքից։ Սակայն Էկոնոմիկայի նախարարությունը փաստում է իրավիճակի կայունացման մասին։
Նախարարն ընդգծել է, որ վառելիքով բեռնված առաջին մեքենաներն արդեն հատել են սահմանը նախորդ երկու օրերին, իսկ այսօր ակնկալվում է ևս տասնյակ բեռնատարների մուտք: Լոգիստիկ շղթաների լիարժեք վերականգնումը կարճ ժամանակահատվածում կվերացնի շուկայում առկա դեֆիցիտը և կկարգավորի գնագոյացումը։