Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի հրավերով «Խաղաղության խորհրդի» կանոնադրության վավերացմանը: Այս քայլը, որը միտված է միջազգային կայունության ամրապնդմանը, կհանգեցնի պետական բյուջեի ֆինանսական բեռի և նոր ծախսերի ավելացմանը:
Գործադիրի որոշմամբ փաստաթուղթն արդեն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ երկրի մայր օրենքին դրա համապատասխանությունը ստուգելու նպատակով: Բարձրագույն ատյանում կառավարությունը կներկայացնի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում օրինագիծը կփոխանցվի Ազգային ժողովի վավերացմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը նպատակահարմար է համարում կառույցին միանալը՝ հակամարտություններից տուժած գոտիներում կայունության խթանման անհրաժեշտությունից ելնելով։
Միևնույն ժամանակ, ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած եզրակացության, վավերացումը կենթադրի նոր ֆինանսական պարտավորություններ պետության համար՝ ուղղակիորեն ավելացնելով բյուջետային ծախսերը։
«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին Դավոսում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպությանը որպես հիմնադիր անդամ միանալու փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերով։ Նույն օրը նախաձեռնությանը միացել են նաև Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ղազախստանը, Հունգարիան և մի շարք այլ պետություններ, իսկ Միացյալ Նահանգներն այն վավերացրել էր ավելի վաղ՝ հունվարի 16-ին։
Կառույցը, որն իրավական ուժ կստանա երեք պետության կողմից այն պարտադիր ճանաչելուց հետո, նպատակ ունի միջազգային իրավունքի շրջանակներում մշակել և տարածել խաղաղաշինության արդյունավետ պրակտիկաներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ղեկավարվող միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության (խարտիայի) տեքստում նշում է, որ Խաղաղության խորհրդին անդամակցությունը վերապահված է միայն այն պետություններին, որոնց Նախագահը (Թրամփը) հրավիրել է մասնակցության, և այն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ պետությունը ծանուցում է Կանոնադրությամբ պարտավորված լինելուն համաձայնելու մասին՝ XI պարբերության համաձայն: Յուրաքանչյուր անդամ պետություն Խաղաղության խորհրդում ներկայացված է իր պետության կամ կառավարության ղեկավարի կողմից:
Յուրաքանչյուր անդամ պետության լիազորությունների ժամկետը կազմում է Կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից ոչ ավելի, քան երեք տարի՝ Նախագահի կողմից ժամկետի երկարաձգման հնարավորությամբ: Անդամակցության եռամյա ժամկետը չի կիրառվում այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին տարվա ընթացքում, Խաղաղության խորհրդին որպես կանխիկ միջոց մուծում են ավելի քան 1 000 000 000 ԱՄՆ դոլար:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ում պարզաբանել էին, որ Հայաստանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» (Գազայի վերաբերյալ նախաձեռնություն) կանոնադրությունը՝ առանց պարտադիր անդամավճարների մուծման։ Մասնակցությունը ձևակերպված է մինչև երեք տարի ժամկետով՝ առանց 1 մլրդ դոլարի չափով վճարում կատարելու անհրաժեշտության, ինչը կամավոր բնույթ է կրում մշտական անդամների համար