Կառավարությունում քննարկվել են ՀՀ արտահանման դիվերսիֆիկացման ուղիները
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 15-ին կայացած աշխատանքային խորհրդակցության առանցքում են եղել արտահանման ծավալների մեծացման և արտաքին շուկաների, մասնավորապես՝ դեպի Եվրամիություն դիվերսիֆիկացման ռազմավարական հարցերը։
Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են գյուղատնտեսական և այլ ապրանքատեսակների արտահանման ներկայիս ցուցանիշների մասին։ Քննարկման հիմնական թեմաներից են եղել ֆերմերային տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության նոր գործիքակազմերն ու մեխանիզմները, որոնք միտված են Եվրոպական միություն և այլ պետություններ հայկական արտադրանքի մատակարարումների խթանմանն ու աշխարհագրության ընդլայնմանը։
Կառավարության ղեկավարն ընդգծել է արտադրողների հետ մշտական ու անխափան կապի ապահովման հրամայականը։ Ըստ վարչապետի՝ պետություն-մասնավոր հատված սերտ փոխգործակցությունն անհրաժեշտ պայման է բիզնեսի խնդիրներն օպերատիվ կերպով վերհանելու, արտահանողներին ուղղված ծրագրերը կատարելագործելու և տնտեսության դիվերսիֆիկացման պետական քաղաքականությունը հետևողականորեն կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերությունները որոշակիորեն լարվել են, որը Մոսկվան պայմանավորում է Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ակտիվացմամբ։ Ռուսական կողմն ավելի վաղ մատնանշել էր Եվրամիության կառույցներին ինտեգրվելու և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու անհամատեղելիությունը։
Այս տարաձայնությունների գործնական դրսևորումը դարձավ մայիսի վերջից ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ բանջարեղենի, մրգերի, հատապտուղների և ծաղիկների արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները։
Չնայած ի հայտ եկած առևտրային և քաղաքական շփումներին՝ բարձրագույն մակարդակում կողմերը պահպանում են դիվանագիտական հռետորաբանությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր երկկողմ փոխգործակցության դրական տրանսֆորմացիայի մասին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետությունների միջև հարաբերությունները որակել էր որպես բարեկամական։