15.06.2026
Պետդուման 12 անգամ բարձրացրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու տուրքը
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանի կինը հումանիտար առաքելություն է նախապատրաստում Բաքու

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative
Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative

Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ազդարարել է նոր նախաձեռնության մեկնարկը, որով նախատեսվում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու՝ աջակցելու այնտեղ գտնվող հայ կալանավորներին։


Իր պաշտոնական հայտարարության մեջ Վերոնիկա Զոնաբենդն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը զերծ է քաղաքական ենթատեքստից և բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Առաքելության գլխավոր նպատակը կալանավորված անձանց և նրանց ընտանիքների միջև թեկուզ նվազագույն կապի վերականգնումն է։ Նա արձանագրել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակումից հետո հարազատները փաստացի զրկվել են անկախ և կանոնավոր մարդասիրական խողովակներից։


Ներկայումս Ադրբեջանում անազատության մեջ են գտնվում Ռուբեն Վարդանյանը և ևս տասնութ հայ։ Նախաձեռնության հեղինակը հիշեցրել է, որ նրանցից ոմանք տարիներ շարունակ որևէ կապ չեն ունեցել իրենց ընտանիքների հետ, իսկ միջազգային իրավապաշտպան մեխանիզմներն ու պետական կառույցներն առայժմ գործնական արդյունք չեն ապահովում շփումների ապահովման հարցում։


Այցի նախապատրաստման շրջանակներում Զոնաբենդը դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային։ Նա խնդրել է մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ կազմակերպելու պաշտոնական հանդիպումներ, մուտք ապահովելու «Ումբակի» քրեակատարողական համալիր, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու փոխանցել կալանավորներին օրենքով թույլատրված ծանրոցներ, նամակներ և լուսանկարներ։


Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմակերպիչները հավաքագրում են զորակցության նամակներ և լուսանկարներ՝ դրանք Բաքու փոխանցելու նպատակով։ Աջակցության խոսքերը հնարավոր է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի (Subject) դաշտում նշելով «Letter of Support - Armenian Detainees» և անհրաժեշտության դեպքում ավելացնելով կոնկրետ հասցեատիրոջ անունը։ Միջազգային պատվիրակության կազմում ընդգրկված անձանց անունները կհրապարակվեն լրացուցիչ։