ԵՄ-ն շնորհավորել է Փաշինյանին՝ ազդարարելով գործընկերության նոր փուլ
Լուսանկարը` primeminister.am
Եվրամիությունը պաշտոնապես ողջունել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ աջակցություն հայտնելով կառավարության որդեգրած քաղաքականությանը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրական հաջողության կապակցությամբ՝ ընդգծելով հայ հասարակության տոկունությունն արտաքին մարտահրավերների ֆոնին։
Իր հայտարարության մեջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը հատկապես շեշտել է, որ քվեարկությունն ընթացել է Ռուսաստանի կողմից իրականացվող ճնշումների և լայնածավալ միջամտության պայմաններում։ Նրա խոսքով՝ նման բարդ իրավիճակում իշխող քաղաքական ուժի հաղթանակը դարձավ հայ ժողովրդի՝ ուժեղ, ինքնիշխան և անկախ պետություն կառուցելու անբեկանելի ձգտման համոզիչ վերահաստատումը։
Մարթա Կոսը նաև հավաստիացրել է, որ Բրյուսելի համերաշխությունը Երևանի հետ շարունակում է մնալ անսասան։ Որպես մերձեցման հերթական գործնական քայլ՝ եվրահանձնակատարն ազդարարել է մոտ ապագայում Հայաստան կատարելիք իր այցի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին։ Այս ձևաչափի աշխատանքներն ուղղված են լինելու երկկողմ գործընկերության առավելագույն խորացմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարել է վստահ հաղթանակ՝ ստանալով ընտրողների քվեների 49,81 տոկոսը։