15.06.2026
Լուսանկարը` parliament.am
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ից պահանջում են պարզել օդանավակայանից Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքը

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտոնական հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ պահանջելով պարզաբանել «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների արտահոսքի հանգամանքները։ Առիթը մամուլում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կադրերի հրապարակումն է։


Իր հայտարարության մեջ խորհրդարանականը բարձրաձայնել է այն հարցը, թե ինչպես են ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող գոտու տեսանյութերը հայտնվել «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան ալիքում։ Մանուկյանն ընդգծել է, որ նախկինում ևս Ազգային ժողովում բազմիցս անդրադարձել է հատուկ պահպանվող տարածքներից քաղաքական նպատակներով տեսագրությունների փոխանցման խնդրին: Ըստ պատգամավորի՝ նմանատիպ միջադեպերը լուրջ կասկածի տակ են դնում իրավապահ համակարգի անկողմնակալությունը:


Բացի տեսանյութի հետ կապված միջադեպից, պատգամավորը հայտնել է սահմանային անցակետերից ստացվող բազմաթիվ ահազանգերի մասին։ Ըստ նրա տեղեկությունների՝ ընտրություններին նախորդող օրերին Ռազմական ոստիկանության հաշվառումների հիման վրա արգելվել է հազարավոր քաղաքացիների ելքը Հայաստանի տարածքից։


Պատգամավորն այս սահմանափակումները որակել է որպես օրենսդրության կոպտագույն խախտում, որը կարող է հանգեցնել ծանր քրեական հետևանքների: Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակվել, որտեղ արձանագրված էր Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը մայրաքաղաքի օդանավակայանում:


Լուսանկարը` mfa.am
Հաջորդ նորություն next