15.06.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է ընտրություններն ու ինտեգրումը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո՝ վերահաստատելով Երևանի հանձնառությունը եվրոպական ինտեգրման խորացմանը։


Աշխատանքային նախաճաշի ձևաչափով կայացած քննարկմանը ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները: Եվրոպացի գործընկերները շնորհավորել են Միրզոյանին ժողովրդավարական ընտրությունների և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ՝ վերահաստատելով աջակցությունը Հայաստանի եվրոպական օրակարգին և ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերությանը։


Նախարարն անդրադարձել է նախընտրական և հետընտրական զարգացումներին՝ շեշտելով, որ քաղաքացիների քվեն արտացոլում է խաղաղության հասնելու, ինքնիշխանությունը պաշտպանելու և եվրոպական հեռանկարին միտված ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի դարձնելու հստակ կամքը: Նա հատկանշել է, որ ընտրություններից հետո առաջին այցի՝ հենց ԵՄ ձևաչափով կայանալու հանգամանքն ապացուցում է երկկողմ կապերը խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը:


Հանդիպման ընթացքում դիվանագետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության բարձրացման մեխանիզմների շուրջ:


Արարատ Միրզոյանը դրական է գնահատել Եվրամիության և անդամ երկրների աջակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն այս ուղղություններով:

Լուսանկարը` gotrip.am
Հաջորդ նորություն next