«Ուժեղ Հայաստան»-ն ահազանգում է զանգվածային ճնշումների և վարչական ռեսուրսի մասին
Լուսանկարը` sputnik
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքը խստորեն քննադատել է կայացած խորհրդարանական ընտրությունները՝ բարձրաձայնելով զանգվածային ճնշումների, վարչական ռեսուրսի չարաշահման և քվեարկության ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին։
Դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ողջ ընտրական գործընթացն ուղեկցվել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ հալածանքներով։ Նա նշել է, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժի առաջնորդների, թեկնածուների և համակիրների նկատմամբ կիրառվել են նպատակային ճնշումներ, ապօրինի ձերբակալություններ և քրեական հետապնդումներ՝ նպատակ ունենալով խոչընդոտել ազատ մրցակցությունը։
Ընդդիմության պնդմամբ՝ բուն քվեարկության օրը լայնորեն գործի են դրվել պետական և տեղական ինքնակառավարման լծակները, իսկ հանրապետության տարբեր մարզերից անընդմեջ ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան»-ի շտաբում առանձնահատուկ վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին հայտարարել է դեռևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տվյալների վերջնական ամփոփումից առաջ։ Ղահրամանյանն այս երևույթը որակել է որպես աննախադեպ և ուղիղ հրահանգ ԿԸՀ-ին։
Ստեղծված պայմաններում դաշինքը գտնում է, որ հրապարակված պաշտոնական թվերը չեն արտացոլում քաղաքացիների իրական կամարտահայտությունը և կարիք ունեն խորքային իրավաքաղաքական գնահատականի։ Ներկայումս կուսակցության կենտրոնական շտաբն իրականացնում է իրավիճակի մանրամասն վերլուծություն, որի ավարտից հետո կներկայացվի դաշինքի վերջնական դիրքորոշումն ու հետագա քայլերը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարել է համոզիչ հաղթանակ՝ ստանալով քվեների 49,81 տոկոսը։ Երկրորդ տեղը 23,29 տոկոս արդյունքով զբաղեցրել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, իսկ առաջատարների եռյակը եզրափակել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը՝ 9,94 տոկոս ձայներով։ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է ապահովել ընտրողների միայն 4 տոկոսի աջակցությունը