ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խստորեն քննադատել է վերջին խորհրդարանական ընտրությունների միջազգային ընկալումը՝ հայտարարելով, որ քվեարկությունը ոչ թե աշխարհաքաղաքական մրցակցություն էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այլ համազգային բողոք ընդդեմ հայկական պետականության քայքայման և նոր զիջումների։
Սոցիալական ցանցերում հրապարակված իր հայտարարության մեջ նախկին արտգործնախարարը նշել է, որ արտերկրյա դիտորդներն ու մամուլը մակերեսորեն են մեկնաբանում երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը՝ այն վերածելով արևմտամետ կառավարության և ռուսամետ ընդդիմության միջև պարզունակ պայքարի: Ըստ Օսկանյանի՝ նման խոսույթը խորապես մոլորեցնում է միջազգային լսարանին և աղավաղում իրականությունը:
Նախկին դիվանագետը կասկածի տակ է դրել ընտրությունների լեգիտիմությունը՝ շեշտելով, որ պաշտոնական արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների իրական կամքը։ Նա հայտարարել է, որ գործընթացն ուղեկցվել է վարչական ճնշումներով, մանիպուլյացիաներով և ահաբեկման մթնոլորտով, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահության քվեն: Օսկանյանն ընդգծել է, որ իշխանությունների արևմտամետ հռետորաբանությունը չի կարող արդարացում հանդիսանալ ընտրակեղծիքների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների համար:
Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ Վարդան Օսկանյանը նկատել է, որ հայ հասարակությունը գիտակցում է հարաբերությունների «կարգավորման» գործընթացի տակ թաքնված վտանգները։ Նրա խոսքով՝ ընտրողները կտրականապես մերժում են Ադրբեջանի պահանջները, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտադրանքը, հետագա տարածքային զիջումներն ու Արցախի ժառանգությունից հրաժարվելու հեռանկարը:
Ամփոփելով իր խոսքը՝ նախկին նախարարն արձանագրել է, որ քաղաքացիների իրական ընտրությունը ոչ թե արտաքին հովանավորների որոնումն էր, այլ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և ազգային արժանապատվության պաշտպանությունը՝ պարտադրվող կապիտուլյացիայի վտանգի պայմաններում:
Համաձայն ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև ընդդիմադիր «Հզոր Հայաստան» և «Հայաստան» դաշինքները հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով անցնում են Հայաստանի խորհրդարան։
Այդ տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով հավաքել է ձայների 49,7%-ը, «Հզոր Հայաստան» դաշինքը՝ 23,27%-ը, իսկ «Հայաստան» դաշինքը (նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի - խմբ.)՝ 9,9%-ը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3,989%-ը և չի անցնում խորհրդարան։