Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Հանրապետության նախագահը կարևորել է նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը: Նշելով, որ մինչև այս, Երևանում կայացել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստը ևս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հավանության կարժանանա նաև մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը: Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերի և Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին: