24.11.2024
Խեղդված զինծառայողներին վերջին անգամ տեսել են ավտոմեքենայի մեջ. ՀԿՔ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վարչապետի պաշտոնը եւ սպասվող Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյանը առճակատումը

Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Ֆոտո՝ Photolure
Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Ֆոտո՝ Photolure

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներսում շարունակվում է պայքարը, թե 2018թ. ապրիլից հետո խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ո՞վ կզբաղեցնի պետության դե ֆակտո ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը: Այդ փաստը երեւաց նաեւ երեկ, երբ լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային: Նա հայտարարեց, թե իրենք նույն թիմից են: Իսկ հարցին՝ տարբեր գնահատականներով, Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին դառնալ վարչապետ, արդյոք ինքը նման քայլեր տեսնում է, Կարապետյանը պատասխանել է կարճ՝ ոչ:


Բայց այն, որ Սերժ Սարգսյանն իրապես ուզում է շարունակել իշխանավարումը նախագահական լիազորությունների ավարտից հետո որպես վարչապետ, անկասկած է, այլապես նա չէր փոխի սահմանադրությունն ու 2018թ. ապրիլից հետո իշխանական ողջ լծակները չէր կենտրոնացնի կառավարության ղեկավարի ձեռքում՝ ակնարկելով իր հնարավոր պաշտոնավարման մասին, մյուս կողմից խորհրդարանը ձեւավորելով իր ուզածով: Այլ բան, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում տեսնել այդ ամենը կամ ցույց է տալիս, որ չի տեսնում՝ միաժամանակ Սերժ Սարգսյանին մղելով ավելի կտրուկ գործողությունների եւ հասկացնելով, որ ինքն էլ իր հերթին չի պատրաստվում զիջել ու ամեն գնով շարունակելու է պայքարը»:


Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ի պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանն այնքան էլ համաձայն չէ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը «նոր» անվանելու հետ: «Նոր ասելով ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե՞ այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով ընտրվել են: Նորը ո՞րն է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Ինչ վերաբերում է այդ խորհրդարանի արդյունավետությանը, Արզումանյանի կարծիքով՝ այն գնահատելը դեռ շուտ է: Ալեքսանդր Արզումանյանը, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, խոսել է նաև ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ ասելով, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի նախադրյալների առկայության դեպքում: «Եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպումը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝ կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաև նախարարների հանդիպումը»,- ասել է նա:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչեւ ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։ Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակներում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը։ Ընդհանրապես, պաշտոնների բաշխումը կկատարվի երկու փուլով՝ մինչեւ 2018 թիվը եւ 2018-ից հետո»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին: Սակայն սա դեռ բոլորը չէ: Ասում են, ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» «Հանրապետականից»: Ըստ այդմ, չի բացառվում, որ դաշնակցականները, իհարկե, ոչ նախարարի, բայց փոխնախարարի եւ մեկ մարզպետի պաշտոն եւս ստանան: Իսկ թե ում են ՀՅԴ-ում պատրաստվում առաջարկելու փոխնախարարի ու մարզպետի թեկնածու, առայժմ հայտնի չէ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Այդ դիմումների առկայության մասին առաջին աղմուկը կապվեց Նապոլեոն Ազիզյանի անվան հետ, երբ համացանցում տարածվեց նրա դիմումը` ուղղված ԿԸՀ-ին, առ այն, որ ինքնաբացարկ է հայտնում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակից: Սրանից մեկ շաբաթ անց էլ ԿԸՀ-ն հրապարակեց այն թեկնածուների անունները, որոնք ինքնաբացարկի դիմումներ են գրել ու պարզվեց, որ դաշինքից 23 թեկնածու նման դիմում է գրել: Ժամեր անց թեկնածուների մի խումբ հայտարարեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, եւ որ իրենք նման դիմումներ չեն գրել: ԿԸՀ-ի հայտարարության հենց հաջորդ օրը 23 անձից 12-ը շտապեցին ԿԸՀ եւ դիմում ներկայացրին այն մասին, որ հրաժարվում են նախորդ դիմումից, եւ պահանջում են իրենց մանդատը: 12 անձից ԿԸՀ-ն իրավական հիմնավորմամբ մանդատ հատկացրեց ընդամենը 8-ին: Նրանք էին Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը:


Նույն պահին, երբ ԿԸՀ-ն որոշում էր կայացնում, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Աբրահամ Մանուկյանի հետ այցելեց Նապոլեոն Ազիզյանին, որպեսզի համոզի վերանայել որոշումը, սակայն տեղում հասկացան, որ գլխավոր իրադարձությունը ԿԸՀ-ում է կատարվում, քանի որ Նապոլեոն Ազիզյանն, օրինակ, իր լիազոր ներկայացուցչին արդեն գործուղել էր ԿԸՀ: Հանձնաժողովի որոշումից հետո Արարատ Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարելու է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, որպեսզի «չնույնականացվի երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցներին»: Հաջորդը Նապոլեոն Ազիզյանն էր, որն իր պատրաստակամությունը հայտնեց մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի առաջ, եթե նա որոշի, որ պետք է Ազիզյանը հրաժարվի մանդատից: Նրան միացան Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը: Մանդատ ստացածների թվում են Արթուր Մանուկյանը, որը Աբրահամ Մանուկյանի տղան է, Հարություն Ղարագյոզյանը, որը նույն Աբրահամ Մանուկյանի թիմից է:


Հաշվի չառնել, որ կողմնակի միջամտություն է եղել այս իրադարձությանը միս ու արյուն տալու հարցում, տեղին չի լինի, քանի որ անկախ նրանից ինչ հանգուցալուծում կլինի, կատարվածը սասանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի բացարձակ ազդեցությունը դաշինքի բոլոր անդամների նկատմամբ: Ըստ էության, կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը, իսկ պոստ ֆակտում կատարվող իրադարձությունները նախկին վիճակը վերականգնելուն են միտված, ինչը շատ դժվար կլինի: Փաստ է, որ ինքնաբացարկի թոհուբուհում հայտնվածները էական վնաս հասցրին ԲՀԿ նախագահին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։ Երկուսի՝ Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Մանուկյանի՝ Աբրահամ Մանուկյանի որդու, հարցն է ներկա պահին վճռված, նրանք կանցնեն օրենսդիր աշխատանքի, քանի որ, ինչպես ԲՀԿ աղբյուրները հայտնեցին, իրենց «ճիշտ» են պահել՝ էքսցենտրիկ հայտարարություններ չեն արել ԿԸՀ ներկայացված 23 ինքնաբացարկի դիմումի առնչությամբ։ Հիշեցնենք, որ Արտյոմ Ծառուկյանն իր թեկնածությունն էր առաջադրել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, իսկ Աբրահամ Մանուկյանի որդի Արթուր Մանուկյանը ցուցակում 11-րդն էր։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ԿԸՀ ներկայացած եւ բացարկի դիմումները հետ վերցրած 12 թեկնածուներից շատերին հրահրել են հենց ԲՀԿ-ի ներսից։ Եվ մեկը մյուսին «դուխ տալով», գնացել ու ԿԸՀ-ում հայտարարություն են արել, առանց «հետեւանքների» մասին մտածելու։ Հայտարարություններն անելուց հետո հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ դրան հաջորդել է մանդատները նրա «ոտքերի տակ դնելու» գործընթացը։