1.12.2025
Լուսանկարը` Սրբազան պայքար
prev Նախորդ նորություն

«Երկակի ստանդարտներ». իշխանական պատգամավորը արդարացրեց ոստիկանների ուժի կիրառումը

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Իշխանական թիմը հերթական անգամ ի ցույց դրեց եկեղեցու նկատմամբ իր խտրական վերաբերմունքը․ իշխանական պատգամավորը արդարացրեց ոստիկանության գործողությունները, որոնք ուժով եկեղեցուց հեռացրին Վեհափառի անունը վանկարկող հավատացյալներին, սակայն «չնկատեցին» մյուս կողմի սադրիչ պահվածքը։


Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած միջադեպը դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ իշխանության վարած քաղաքականության հերթական ցուցիչը։ Լարվածությունը ծագեց այն բանից հետո, երբ պատարագիչ քահանան, խախտելով եկեղեցական կարգը, ցուցադրաբար չհիշատակեց Գարեգին Բ-ի անունը։ Ի պատասխան գրող Հովհաննես Իշխանյանի և Հայկ Դորունցի՝ Կաթողիկոսի անունը վանկարկելու փորձին, ոստիկանությունը գործեց կայծակնային արագությամբ և կոշտ ուժով՝ նրանց դուրս բերելով տարածքից։ Հատկանշական է, որ իրավապահները զարմանալի հանդուրժողականություն դրսևորեցին այն խմբի նկատմամբ, որը վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում Կաթողիկոսի աջակիցների հասցեին՝ փաստացի վայելելով անձեռնմխելիություն։


Մեկնաբանելով արդարադատության այս ակնհայտ ընտրովիությունը՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ներկայացրեց վիճահարույց տրամաբանություն։ Իշխանական գործիչը հայտարարեց, թե ոստիկանները պարզապես հեռացրել են «վեճը սկսողին»՝ անտեսելով այն փաստը, որ լարվածության իրական պատճառը հոգևորականի եկեղեցական օրենքներից դուրս քայլն էր։ Ոստիկանության՝ մյուս կողմի ագրեսիայի վրա աչք փակելու փաստը գնահատելու փոխարեն, պատգամավորը նախընտրեց դիմել վիճելի համեմատությունների՝ հարցնելով, թե արդյոք նորմալ կլիներ քաղաքական անհամաձայնության համար պատարագ խանգարել Էջմիածնում։


Այսպիսով, իշխանության ներկայացուցիչը փաստացի հավասարության նշան դրեց եկեղեցական կանոնի պահպանման պահանջի և խուլիգանության միջև՝ արդարացնելով անցանկալի հավատացյալների դեմ ուժի կիրառումը։


ՆԳՆ-ն շտապեց հայտարարել, թե ձերբակալվածներ չկան, իսկ ուժայինների գործողությունները բացատրեց «անվտանգության ապահովմամբ»։ Սակայն այն հանգամանքը, որ ակտիվիստներին ոստիկանական մեքենաներով հեռացրել են դեպքի վայրից և միայն հետո ազատ արձակել, ավելի շատ հիշեցնում է ահաբեկման մարտավարություն, քան հասարակական կարգի պահպանում, հատկապես՝ իշխանահաճո խմբերի բացարձակ անպատժելիության ֆոնին։